Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեա Վիկտորինը՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին

Մայիս 10,2022 16:25

Այս տարի օգոստոսին նշվելու է ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարգավորման 30 ամյակը: Այդ առիթով այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն ընդգծեց՝ հպարտ է, որ ՀՀ կառավարությունն իր բարեփոխումների համար, որպես հիմք է ընդունում Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցք հանդիսացող ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը, որը ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարգավորման ուղեցույցն է: Տիկին դեսպանը նշեց, որ համաձայնագրի ոգուն համահունչ ԵՄ-ն շարունակում է ՀՀ-ի հետ համագործակցությունը, մասնավորաբար, մի շարք միջոցառումներ են իրականացվում՝ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության հասնելու համար: Աշխատանքներ են իրականացվում նաեւ, որպեսզի ընդլայնվեն համագործակցությունները ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտներում, որպեսզի ամրակցվի օրենքի եւ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Այս համատեքստում ԵՄ-ն սերտ համագործակցում է թե հասարակական կազմակերպությունների հետ, թե ՄԻՊ գրասենյակի, որը, դեսպանի համոզմամբ, Հայաստանում կարեւորագույն ինստիտուտներից է, որի հետ համագործակցում են ԵՄ կառույցները:

Այժմ աշխատանքներ են տարվում 2022 թվականի գործողությունների պլան կազմելու մասով. առաջնահերթություններն են լինելու արդարադատության ոլորտի բարեփոխումները, կրթության ոլորտը բարեփոխումների փուլ ներգրավվելը: ԵՄ-ում անհրաժեշտ են համարում նաեւ երիտասարդության ոլորտում ներդրումներ անելը, քանի որ երիտասարդները շատ են եւ երկրի ապագան են: Տիկին դեսպանի հավաստմամբ՝ անելիքները շատ են, բայց իրենք կարող են դա անել եւ անելու են համատեղ: Այս առումով նա կարեւորեց «Թիմ Եվրոպայի» աշխատանքը, որի հետ համատեղ այժմ իրականացվում է «Դիմակայություն՝ Սյունիքի մարզում» ծրագիրը, որը ուղենշային է եւ մշակվել է կառավարության հետ համագործակցաբար:

ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ իր խոսքում հավաստիացրեց, որ Հայաստանն ամեն ինչ անելու է երկկողմանի հարաբերությունների զարգացման համար, մանավանդ, որ Հայաստանը եւ Եվրոպան երկարամյա գործընկերներ են եղել, ու Հայաստանն այժմ ամեն ինչ անում է իր տեղը վերականգնելու համար: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները մեծ ձեռքբերումներ են գրանցել, եւ Հայաստանը մնում է նվիրված՝ այդ հարաբերություններին, մանավանդ, որ ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերներից մեկն է:

Չնայած մի շարք մարտահրավերներին, փոխարտգործնախարարի գնահատմամբ, մենք մի շարք ձեռքբերումներ ունենք ավիացիայի եւ նորարարության ոլորտներում համագործակցությունների մասով, ԵՄ-ի միջոցով կարողանում ենք նաեւ ոլորտային ծրագրեր իրականացնել, որոնք ուղղված են դիմակայությանը: Նա ընդգծեց, որ ԵՄ-ն Հայաստանին աջակցել է նաեւ վերջին համավարակի շրջանում, այդ ընթացքում, ռազմական գործողությունների արդյունքում առաջացած մարդասիրական խնդիրներին եւ այլն, եւ, որ Հայաստանը երբեք չի մոռանա այդ աջակցությունը: Փոխարտգործնախարարը լավատեսորեն է տրամադրված ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակականության մասով, մանավանդ, որ դրանք միտված են նաեւ գլոբալ մարտահրավերներից խուսափելուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031