Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը 2019 թվականին Պոլսո Հայոց պատրիարք դառնալուց ի վեր, մի շարք կասկածելի հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ և շռայլորեն գովաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրա ժխտողական ելույթների համար։
Ինչ-որ չափով հասկանալի է, թե ինչու Թուրքիայի հայերը, հատկապես ղեկավար պաշտոններ զբաղեցնողները, ստիպված են ընդունել թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումները․ նրանք պատանդներ են Թուրքիայում։ Սակայն կան կարմիր գծեր, որոնք չպետք է անցնի ոչ մի հայ, առավել ևս՝ հոգևորական՝ անկախ հանգամանքներից ու գտնվելու վայրից։
Սակայն պատրիարքի բոլոր հայտարարությունները չպետք է վերագրել թուրքական կառավարության սպառնալիքներին կամ ճնշումներին։ Պատրիարք ընտրվելու կամ իշխանություններին հաճոյանալու համար նա իր ազատ կամքով բազմաթիվ քծնող հայտարարություններ է արել։
Պատրիարքի ամենավերջին վիճահարույց հայտարարությունը հնչել է Ստամբուլի Կումքափու Սուրբ Հարություն եկեղեցում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, հայերեն և թուրքերեն ծավալուն քարոզում: Թեև ես ողջունում եմ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու նրա ցանկությունը, սակայն կասկածի տակ եմ դնում նրա որոշ հայտարարությունների ճշմարտությունը: Իմ համեստ կարծիքով, պատրիարքը ավելի լավ կլիներ, եթե հանդես գար կարճ քարոզով՝ պարզապես իր կարեկցանքը հայտնելով այն մարդկանց, որոնք սպանվեցին 1915-ին: Հաշվի առնելով նրա խառը ուղերձները, նա ռիսկի է դիմել թշնամացնելու թե՛ հայերին թե՛ թուրքերին:
Կարդացեք նաև
Այժմ անդրադառնանք պատրիարքի քարոզին։ Նա սկսեց՝ ասելով, որ Ապրիլի 24-ը ոգեկոչում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայերի հիշատակը։ Պատրիարքն այսպիսով կրկնում է նախագահ Էրդողանի ժխտողական խոսքերը, որը մահացած հայերին կեղծորեն ներկայացնում է որպես պատերազմի, այլ ոչ թե ցեղասպանության զոհեր։ Պատրիարքը նաև շահագործեց այն փաստը, որ 2015 թվականին Գարեգին Բ Կաթողիկոսը Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին հռչակել է «սրբեր», ինչը ստիպեց պատրիարքին որակել Ապրիլի 24-ը «այլևս ոչ սգատոն», այլ «սրբադասված սրբերի հիշատակության օր»։
Պատրիարքն այնուհետ հանդես եկավ հետևյալ տարօրինակ բացատրությամբ. «Մեծ Եղեռնի զոհերի անմահությունն սկսվեց իրենց մահվան օրը։ Մենք, պարզապես, այս ճշմարտությանը արթնացանք հարյուր տարվա սգից հետո․․․»։ Նա մեղադրեց բոլոր նրանց, որոնք շարունակում են ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը՝ ցանկանալով «մխրճվել ու մնալ Եղեռնի անելանելի լաբիրինթոսների մղձավանջում»։
Մինչ պատրիարքը կեղծորեն ցեղասպանությունը ներկայացնում էր որպես պատերազմի հետևանք, նա նաև որոշ ճշգրիտ գնահատականներ տվեց՝ հայ ժողովրդի վրա «Մեծ եղեռնի» հետևանքների, մասնավորապես՝ տների ու հողերի կորստի վերաբերյալ։
«Այսօր Ապրիլի 24-ն է։ Տխրահռչակ օրն է հիշատակման՝ մեր ազգի մեկ դար առաջ ապրած սոսկալի ողբերգության։ Մեր պատմության ամենաթանձրախավար մի շրջանի սկիզբը խորհրդանշող չարաղետ մի թվական․․․․ որը մեզ ծանոթ է «Մեծ եղեռն» անվամբ․․․․ Մի ժողովուրդ, մեզ համար անհասկանալի պատճառներով մշակված ու զարգացած քաղաքականության հետևանքով, պոկված էր իր դարավոր բնակավայրերից։ Տարագրություն բառն իր ամենացավառիթ երանգավորումներով դրոշմված է մեր հայեցի ինքնության վրա։ Այդ դժբախտ կիրարկումը իր հետ բերել է վանքերի դատարկում, աղոթատեղիների ամայացում՝ հավատացյալներից, վարժարանների զրկում՝ ուսուցիչներից ու աշակերտներից, առհասարակ բնակավայրերի զրկում իրենց բնակիչներից։ Ընտանիքները մատնվեցին ողբալու իրենց ծնողակորույս եւ որդեկորույս վիճակները։ Տղամարդիկ և կանայք, ծերեր և տղաներ, երիտասարդներ և կույսեր հարկադրվեցին գնալ մահաբույր ճանապարհով։ Այսինքն` ժխտական վիճակ, որի հետևանքով մի ժողովուրդ հարկադրված էր իր խոցված սրտի մեջ կրել անդառնալի ու անդարմանելի կորուստների ցավը հարյուր հազարներով»։
Պատրիարքը շարունակեց իր հակասական ուղերձները՝ դատապարտելով ցեղասպանության ժխտումը, միաժամանակ քննադատելով օտարերկրյա խորհրդարանների կողմից դրա ճանաչումը՝ նրանց գործողությունները որակելով որպես «հեռավոր երկրների գրգռություններ»։ Դրականն այն է, որ նա իր քարոզում համարձակվեց մեկ անգամ օգտագործել ցեղասպանություն եզրույթը հայերեն և թուրքերեն. «Պետք է նշենք, որ այս հողերի վրա Հայոց ապրած ցավերի ուրացումը վիրավորում է խիղճը։ Նույնպես պետք է նշենք նաև բարոյական սկզբունքներին հակառակ կգտնվեն այն ջանքերը, որոնք միտված են մեր հայրերի այս ցավերը միջազգային հողի վրա գործածել որպես քաղաքականացված թեզեր՝ ընդդեմ Թուրքիայի։ Ոչ ուրացումը, ոչ էլ տարբեր երկրների խորհրդարանների մեջ ընդունված ցեղասպանության օրինագծերը այս հողերի վրա ապրված ցավերին և դրանք ապրած անձանց պատիվ չեն բերում։ Ընդհակառակը, ցասմամբ բարկացած և պաշտպանության անցած կողմերն անցյալի ստվերները մեծացնելով պատճառ են դառնում, որ մթագնեն ժողովուրդների հաշտություն և բնական հարաբերություններ մշակելու հույսերը և շրջափակման ենթարկվի հարևան ժողովուրդների ներկան ու ապագան»։
Պատրիարքն այնուհետև տառապեց հիշողության մեծ կորստով՝ կեղծորեն նկարագրելով «107 տարիների անցած դեպքերը… որպես ցավառիթ մեկ բացառություն հայերի և թուրքերի հազարամյա ընդհանուր պատմության մեջ»: Պատրիարքը հարմար կերպով մոռացավ Օսմանյան կայսրությունում հայերի կրած դարավոր ճնշումները՝ 1890-ականների համիդյան ջարդերը, որոնք պատճառ դարձան 300 հազար հայերի սպանդի և 1909 թվականի Ադանայի ջարդը՝ 30 հազար հայերի կոտորածով։
Պատրիարքը, սակայն, չմոռացավ գովաբանել Էրդողանին որպես «եզակի դեմք», որը կարեկից հայտարարություններ է արել Ապրիլի 24-ի առթիվ։ Փաստն այն է, որ Էրդողանի հայտարարությունները պետք է դատապարտել, ոչ թե գովաբանել՝ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը խեղաթյուրելու համար։
Պատրիարքը իր քարոզն ավարտեց՝ աջակցելով Հայաստանի և Թուրքիայի միջև «մերձեցման» ուղղությամբ շարունակվող դիվանագիտական ջանքերին։ Նա պետք է գիտակցի, որ առանց ճշմարտության ճանաչման և արդարության հաստատման հաշտություն չի կարող լինել։
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի