Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր մղվում են «բարեկամության», ինքնախաբեության մեջ են». Խաչիկ Մանուկյան

Մայիս 10,2022 14:57

«Բաց պայքար է, հայ ժողովուրդը պիտի իր պետությունը, պետականությունը ունենա՞, թե՞ ոչ: Խնդիրը սա է, եւ նրանք, որոնք եկել են իշխանության եւ տարածքները հեշտությամբ հանձնում են, երբեք էլ մտադիր չեն սերունդներին հայրենիք ու պետականություն թողնել, առավել եւս այն դեպքում, երբ տնտեսական ու քաղաքական բոլոր վարույթները դեպի Թուրքիա են ուղղորդում»,-  «Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը` խոսելով Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների մասին:

«Ես հետեւում եմ մասնագետներին, օրինակ` Ռուբեն Մելքոնյանին, որը հստակ բացատրում է, որ թուրքերը ձեզ կուլ են տալու, օրինակներ է բերում, նշում է, որ նրանց տոներն այն տոներն են, որոնք հաղթանակներ են հայի հանդեպ: Նրանց սերունդը մեծանում է հային ոչնչացնելու ծրագրերով: Եվ եթե դուք գնում-մղվում եք այնտեղ, հեշտացնում եք իրենց գործը…Նրանց դարավոր ծրագիրն է ազատել այս երկիրը մեզանից, Հայաստանը դարձնել իրենց հերթական վիլայեթը»,- նշում է Խաչիկ Մանուկյանը:

Բանաստեղծի խոսքով. «Նրանք, ովքեր մղվում են այդ «բարեկամությանը», ինքնախաբեության մեջ են, եւ փորձում են  նաեւ խաբեության մեջ պահել ժողովրդին: Լավ է, որ կան ուժեր, որոնք փորձում են սթափության մղել: Ծիծաղելի է, որ ասում են` սա թալանչի էր, նա թալանչի է, բայց  երբ ասում են` ձեզ խաբում են, տանեն ուտեն, չեն ընկալում…Մարդն (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) ասում է` ես կարող էի այնպես անել, որ այս զոհերը չլինեին, մարդը պարզ ասում է, էդ «խեղճ» տղեն չգիտի էլ ինչ հայտարարի, որ ճիշտ ընկալեն, էլի չեն ընկալում»:

Խաչիկ Մանուկյանի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է հեռանալ, որովհետեւ հասկացել է, որ մեծ հաշվով տանուլ է տվել իր ծրագիրը. «Տանուլ է տվել այն, ինչի մասին անընդհատ բարձրաձայնում էր` խաղաղություն եմ բերում տարածաշրջանում, բայց հիմա, երբ ծանոթանում ես քաղաքական անցուդարձերին, տեսնում ես, որ ստացվում է, թե՝ բոլորը պարտավոր են ինչ-որ ծրագրերի ենթարկված խոսեն, ուղղորդվեն, իսկ ովքեր իրենց մշակույթից եւ արմատից կտրված են, պարտության մեջ են: Մենք այս ընթացքով պարտության մեջ ենք, գնում ենք դեպի սպառումը, վերացումը, հերթով տալիս ենք մեր տարածքները` պատճառաբանելով, որ խաղաղություն ենք ուզում, իբր այստեղ ապրել են ադրբեջանցիները… Ես էլ կարող եմ ասել, որ ամբողջը մեր Լեռնահայաստանն է, Հայկական բարձրավանդակն է, դե եկեք այս ճշմարտությամբ առաջնորդվենք»:

Նրա խոսքով, Իլհամ Ալիեւն ավելի ամբարտավան է դարձել պատերազմից հետո, քանի որ տեսել է, որ հայերը չեն գնում պետություն ու պետականություն պահելու, այլ գնում են պարտության:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031