Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնությունը դատապարտում եմ, բայց եթե մարզպետը հրահրում է, բա մարդը ո՞նց իրեն պաշտպանի․ կարո՞ղ է թողենք գլուխներս ծակեն»․ Արմեն Աշոտյան

Մայիս 10,2022 14:35

«Համոզված եմ, որ Գյումրիի դեպքերում մեր երիտասարդների կողմից օրենքի խախտում չի եղել։ Հակառակը։ Ինչ-որ մարդիկ փորձել են մեքենաներ վնասել, ձվեր շպրտել, հայհոյել։ Բնական է, որ այս պարագայում հակազդեցություն կլիներ։ Ինչ վերաբերում է Հենրիխին, ապա նա օրենքի խախտում թույլ չի տվել»,-Սասունցի Դավթի արձանի մոտ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ անդրադառնալով Գյումրիում ցուցարարների կողմից տարեց մարդկանց բռնության ենթարկելուն եւ այդ առիթով ՀՀԿ երիտթեւի նախագահ Հենրիխ Դանիելյանին բերման ենթարկելուն՝ ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։

«Հիստերիայի մեջ են, որովհետեւ տեսնում են, որ անհնազանդության գործողությունները մեծ թափ են ստանում։ Ճնշելու ու վախեցնելու գործողություններ կանեն, բայց մենք չենք վախենում։ Մեր հետ անընդհատ քայլում են, մեր կողմից օրենքի խախտում եւ մարդկանց հանդեպ բռնություններ չեն լինում։ Իսկ հակառակը լինում է»,-հավելեց Կարինե Աճեմյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ, անդրադառնալով Հենրիխ Դանիելյանի բերման ենթարկվելուն, ասաց․ «Նիկոլ Փաշինյանի կեղտոտ ձեռագրի մեջ մտնում են նաեւ սադրանքներն ու մանիպուլյացիաները։ Երեք օր է, որ կեղտոտ հակաքարոզչություն են անում, կիսաբաց լուսամուտների մակարդակի հերոսներով, մեռած մարդկանց թմրամոլի պիտակ կպցնելով։ Հենրիխի միջադեպն այս ամենի տրամաբանական շարունակությունն է։ Գյումրի դեպքը եղել է երեկ չէ առաջին օրը, իսկ երեկ հայտնվել է այդ տեսանյութը։ ՀՅԴ-ն եւ «Հայաստան» դաշինքը պարզաբանել են, ներողություններ բերել, բայց սադրիչները, որոնք հարվածում են մեքենային եւ հայհոյում, չեն պատժվում։ Ծեծը չեմ արդարացնում, բայց ոստիկանության քթի տակ, մարզպետի թողտվությամբ եւ հրահրմամբ սադրանք է լինում, որին իշխանությունը տեր չի կանգնում եւ փոխարենը պատժում է արժանապատիվ մարդկանց։ Դատապարտում եմ բռնությունը, չեմ արդարացնում, բայց եթե պետություն եւ իշխանություն չկա, եթե մարզպետը հրահրում է, բա մարդը ո՞նց իրեն պաշտպանի։ Կարո՞ղ է թողենք գլուխներս ծակեն։ Այս շարժման գլուխը ջարդողը չի ծնվել»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ տեսանյութից ակնհայտ է, որ Հենրիխ Դանիելյանը բաժանողի դերում է․ «Բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրողներին, դրոշ ջարդողներին եւ կեղծ «գերիատերերին» ոչ։ Սրանց արդարադատությունը սուտ է, սա միայն վախեցնելու փորձ է։ Ուզում են մաս-մաս շարժումը գլխատել, երիտասարդներին ընկճել։ Հայաստանը բոլոր մակարդակներում ախտահարված է նիկոլական մետաստազներով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031