Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լրջագույն սադրանքների»․ Նաիրա Զոհրաբյանը զգուշացնում է

Մայիս 10,2022 14:18

Նիկոլ Փաշինյանի հրահանգով ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունները փաստող տեսանյութերն ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ուղարկել է միջազգային գործընկերներին եւ իրավապաշտպան կառույցներին, այդ թվում՝ երեկ Մոսկովյան փողոցում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների սադրիչ գործողությունները, երբ նրանք «դուխով» երգի ուղեկցությամբ հայհոյանքներով սադրել են խաղաղ երթի մասնակիցներին։ Այս մասին այսօր Սասունցի Դավթի արձանի մոտից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

«Անկեղծ լինեմ։ Միջազգային գործընկերներս ասացին, թե ինչու չեմ դատապարտում Գյումրիում տեղի ունեցածը, երբ ցուցարարները բռնություն են գործադրել տարեցների հանդեպ։ Ցանկացած բռնություն, ում կողմից որ լինի՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողների, թե թրքահպատակ իշխանությունը պաշտպանողների, դատապարտելի է։ Պատասխանել եմ՝ ուշադիր չեք եղել, չեք հետեւել, ընդդիմադիր տարբեր գործիչներ դատապարտել են նաեւ այդ բռնությունը։ Լուսադեմին ապօրինաբար առեւանգել են ՀՀԿ երիտթեւի նախագահ Հենրիխ Դանիելյանին եւ տարել անհայտ ուղղությամբ։ Ժամեր անց պարզեցինք, որ նրան տարել են Գյումրի՝ ամեն հավանականությամբ այդ միջադեպի հետ կապված»,-հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։

Հենրիխ Դանիելյան

Նա շեշտեց՝ մանրամասն ուսումնասիրել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպի այդ կադրերը․ «Կատարվածը դատապարտելի է, բայց փաստում եմ՝ որեւէ կադրում Հենրիխ Դանիելյանը չի մասնակցում ընդդիմության հասցեին ենթադրաբար հայհոյանք տվող տարեցների հանդեպ գործադրվող բռնությանը։ Նա փորձում է իրենով կանգնած՝ բաժանել ու պահել։ Հասկանում եմ, թե ինչու է ոստիկանությունն անցել պլան Բ-ի․ տեսնելով, որ ընդվզումը մեծանում է, որ ընդդիմությանը պառակտելը հնարավոր չէ, փորձելու են գլխատել ընդդիմության առաջնորդներին։ Սկսել են երիտթեւերի առաջնորդներից, անցնելու են լուրջ առաջնորդներին։ Իմ տեղեկություններով՝ նրանց փորձելու են անհեթեթ, շինծու, Նիկոլի թվի քրեական գործելով հավաքների ժամանակ հրավիրել հարցաքննության կամ բերման ենթարկել»։

Նաիրա Զոհրաբյանն ընդդիմության առաջնորդներին եւ ցուցարարներին կոչ արեց սադրանքների չտրվել․ «Կա տեղեկատվություն, որն ինձ փոխանցել են նաեւ ոստիկանական համակարգից։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լրջագույն սադրանքների։ Չտրվեք, անգամ եթե ամենագռեհիկ հայհոյանքներով ձեզ մոտենան քաղաքացիներ։ Մատով չկպնեք, դիմեք ոստիկաններին։ Նիկոլ, դու անգամ չգիտես, որ ոստիկանների շատ հարազատներ հրապարակում են եւ մեր հետ միասին պահանջում են քո հրաժարականը»։

ՀԱՎԵԼՈՒՄ․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության Հայկ Մամիջանյանի տեղեկացմամբ՝ Հենրիխ Դանիելյանն արդեն ազատության մեջ է եւ միանում է բողոքի գործողություններին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031