Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ներքին թուլությունն առայժմ պահանջված ապրանք է արտաքին խաղացողների համար»

Մայիս 10,2022 16:00

«Ես անլուրջ չէի վերաբերվի այս հայտարարությանը թեկուզ այն պատճառով, որ դրա հեղինակները ներքաղաքական որոշակի տեսլականի հետեւորդներն են եւ, ակնհայտորեն, որոշակի ազդեցություն են փորձում գործել հայաստանյան հանրային կարծիքի վրա՝ ընթացող ներքաղաքական գործընթացներն ուղղորդելու նպատակով». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:

– Արդեն մի քանի օր է, Հայաստանում ներքաղաքական կյանքը լարված է, տեսակետ կա, որ ընդդիմությունն աշխարհաքաղաքական կենտրոններից, մասնավորաբար, ՌԴ-ից, դրական ազդակներ է ստացել, ուստի ակտիվացրել է իշխանության հրաժարականի պահանջը: Ձեր դիտարկումներով՝ ի՞նչ գործընթացներ են ընթանում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ:

– Ես վստահ եմ, որ Հայաստանի այսօրվա ընդդիմությունը ներկայացնող   բանագնացները  պարբերաբար այցելում են Մոսկվա եւ դա բնական է՝ իհարկե կուզեն, որ Կրեմլից իրենց գործողությունների աջակցությունը ստանան: Այդուհանդերձ, այն կարծիքին եմ, որ նրանք հանդիպում են ռուսաստանյան իշխող վերնախավի շրջանում իրական որոշում կայացնողների շրջապատի երկրորդ-երրորդ էշելոնի ներկայացուցիչների հետ: Այսինքն, մեր բանագնացներն այնտեղ հանդիպում են հիմնականում իրենց «նամակատարների» հետ. այն մարդկանց հետ, ովքեր մեր ներկայիս ընդդիմության մտքերն ու խնդրանքները պետք է հասցնեն որոշում կայացնողներին եւ ստանան վերջիններիս  քաղաքական «օրհնությունը»: Վերջին շրջանում Հայաստանից  միակ մարդը, որ հնարավորություն է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ առանձնազրույց ունենալ՝ վարչապետ Փաշինյանն է: Արդեն առիթն ունեցել եմ ասելու, որ Հայաստանում փողոց ելած ընդդիմությունը կկարողանա իշխանափոխություն իրականացնել այն դեպքում, եթե ՀՀ ուժային կառույցները դադարեցնեն աջակցություն ցույց տալ գործող իշխանությանը, չպաշտպանեն վերջինիս: Այս հարցում Մոսկվան գործընթացների վրա  ներազդելու պատկառելի ներուժ ունի: Այդ ներուժն, առայժմ, գործի չի դրվում:  Կարծում եմ, որ Հայաստանի ներքին թուլությունն առայժմ պահանջված ապրանք է արտաքին խաղացողների համար:

– Ընդդիմությունը երեկ հրապարակեց Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության հանրային պահանջի հրաժարական՝ մի քանի կետերի արձանագրմամբ: Դուք ի՞նչ կավելացնեիք այդ կետերին կամ ինչի՞ վրա ուշադրություն կհրավիրեիք, ի՞նչ բացթողումներ կարձանագրեիք ու ի՞նչ նպատակով են անտեսվում այդ հարցերը, եթե կան այդպիսիք:

– Ֆորմալ առումով, Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ է, քանի որ, ըստ ՀՀ ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների, վերջին խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած քաղաքական ուժը հաղթել է, իսկ ընդդիմության կողմից ներկայացված մեղադրանքներն արդեն այն ժամանակ հայտնի էին: Այսինքն՝ ընտրություններին մասնակցածների մեծ մասի համար դրանք էական չեն եղել: Այլ հարց է, որ, իմ համոզմամբ, նախկինում ընտրակեղծարարություն իրականացրած կամ այն հովանավորած պետական մարմնի տեղեկատվությունը արժանահավատ չէ՝ դրա ղեկավար կազմը մնացել է նույնը: Այսինքն՝ ՀՀ ԿԸՀ-ն, ինչպես որ ծառայել է  հանուն այսօր փողոց ելած նախկինների, նույն կերպ կարող է ծառայած լինել նաեւ ներկա իշխանությունների համար: Որքան էլ այժմ խոսվի ընտրությունների արդար ու թափանցիկ  լինելու մասին, մարդիկ լավ գիտեն, թե տեւական ժամանակ կոնկրետ ովքեր են այդ ընտրությունները կազմակերպել եւ կազմակերպում առ այսօր, ինչ կերպ են պաշտոնական արդյունքները հաշվվել: Ինչ-որ բան ավելացնելու կամ լրացուցիչ մեկնաբանելու իմաստը չեմ տեսնում՝ այս բազմամյա համազգային քաղաքական աջաբսանդալին մասնակցողները ոչ այնքան իրավիճակն են շտկում ու ելքեր փնտրում, որքան ինչ-որ մեկին մեղավոր հռչակելով փորձում են ինքնամաքրվել: Իշխանության լծակներին տիրածներն, իրենց  նախասիրությունների համապատասխան, պետական մեքենան են անխնա քշում, իսկ այդ լծակներից զրկվածներն էլ ժողովրդին են փողոց հանում, հույս ներշնչում, ապա հուսախաբ անում:

– Զուգահեռաբար, իշխանական ճամբարը ակտիվ հանդիպումներ-բանակցությունների գործընթացում է. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում հանդիպումներ ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, նաեւ փաստաթուղթ ստորագրվեց՝ քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ Ինչի՞ մասին է այդ հուշագիրը:

– Պետության ներկայացուցիչների կողմից ակտիվ միջազգային կոնտակտների մասնակցելը ողջունելի է: Հուշագրի տեքստին ծանոթ չեմ, բայց հաշվի առնելով այն, որ խոսքը վերաբերվում է ՀՀ-ԱՄՆ միջուկային ոլորտում համագործակցությանը, ապա համոզված եմ, որ թեման առաջիկայում կկարեւորվի ոչ միայն Վաշինգտոնի ու Երեւանի կողմից, այլեւ միջազգային այլ ազդեցիկ դերակատարների կողմից:

– Կայացավ նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի բանակցողների երրորդ հանդիպումը, որի մասին պաշտոնական տեղեկություններից նորից անհասկանալի է բանակցությունների օրակարգը: Մայիսի 2-ին էլ Բրյուսելում կայացավ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի եւ Իլհամ Ալիեւի օգնական Հաջիեւի հանդիպումը՝ օրակարգը խաղաղության պայմանագիրն էր. հանդիպման մասին, սակայն, ինչպես պարզվեց ՀՀ ԱԳՆ-ում տեղյակ չեն եղել: Ինչո՞ւ է իշխանությունը շտապում:

– Գուցե իշխանությունն ինքն իր կամքո՞վ չի շտապում՝ շտապեցնում են: Ամեն դեպքում, պաշտոնական Երեւանի՝  Անկարայի եւ Բաքվի հետ ունեցած շփումների վերաբերյալ տեղեկատվությունը կցկտուր է եւ դրա հիման վրա հնարավոր չէ գործընթացների լիարժեք  պատկերը ստանալ: Ուշագրավ է, որ Անկարան պնդում է, որ ժամանակն է, որպեսզի երկկողմ  հանդիպումներն անցկացվեն հաջորդաբար Թուրքիայում ու Հայաստանում, մինչդեռ Երեւանն առայժմ նախընտրում է երկկողմ շփումներն իրականացնել երրորդ երկրներում: Հավանաբար, պատճառն այն է, որ այդ կարգի հանդիպումներն այսօր Հայաստանում  կազմակերպելու դեպքում կարող են լուրջ ներքին դժգոհություններ ու խմորումներ առաջանալ:

– Հայաստանի նախկին երեք արտգործնախարարներ, դիվանագետներ, պաշտպանության համակարգում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք, պատմաբան-գիտնականներ, մշակույթի գործիչներ՝ երեք տասնյակից ավելի մարդ, համատեղ հայտարարություն էին տարածել՝ «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագրով: Ծանո՞թ եք հայտարարությանը, ինչպե՞ս կգնահատեք դրանում արտահայտված մտահոգությունները:

– Հայտարարության բովանդակությանը ծանոթ եմ: Հարգանքով եմ վերաբերվում ճանապարհ անցած նախկին պաշտոնյաների մտահոգություններին, թեեւ գտնում եմ, որ մեծ կոլեկտիվով փաստաթուղթ ստորագրելը ռետրո ոճի գործողություն է, որը դժվար թե լուրջ ազդեցություն գործի հատկապես երիտասարդ լսարանի վրա՝ նոր սերունդը տեղեկատվության մատուցման այլ ձեւերի է վարժված այսօր: Իսկ եթե ընդհանրապես խոսենք արդյունավետ գործելակերպի մշակման մասին, ապա իրականում նպատակների  ձեւակերպումն ու դրանց հասնելու ուղիների մշակումը ժողովներում լուծվելիք հարցեր չեն: Այդ գործն արվում է նեղ մասնագիտական շրջանակների կողմից: Ժողովների խնդիրն այլ է:

– Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ողորմելի մանիֆեստ» էր անվանել հայտարարությունը. առաջին նախագահի նման վերաբերմունքը ինչպե՞ս հասկանալ, ո՞րն է նպատակը:

– Ճիշտ կլինի այդ հարցն ուղղել հենց իրեն՝ առաջին նախագահին: Ես անլուրջ չէի վերաբերվի այս հայտարարությանը թեկուզ այն պատճառով, որ դրա հեղինակները ներքաղաքական որոշակի տեսլականի հետեւորդներն են եւ, ակնհայտորեն, որոշակի ազդեցություն են փորձում գործել հայաստանյան հանրային կարծիքի վրա՝ ընթացող ներքաղաքական գործընթացներն ուղղորդելու նպատակով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031