Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժբախտն ու դժգույնը Նիկոլն է, ոչ թե Շուշին»․ ԱՄՆ-ի հայերը բողոքի ցույցեր են անում

Մայիս 10,2022 11:18

ԱՄՆ Գլենդել եւ Լոս Անջելես քաղաքներում Հայաստանի հյուպատոսարանների դիմաց այսօր տեղի հայերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են կազմակերպել։ Արցախի դրոշներով, «զարթիր լաո» կարգախոսով եւ «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով երթ է իրականացվել դեպի հյուպատոսարաններ։ Ցուցարարները հայտարարեցին, որ հայրենիքը տագնապալի օրեր է ապրում, եւ իրենք, որպես սփյուռք, պարտավոր են կեցվածքը հստակեցնել եւ ձայնը լսելի դարձնել ՀՀ-ի եւ Արցախի հայրենակիցներին։

«Նրանք պայքարում են նաեւ մեր համար եւ մեր փոխարեն։ Արդեն կասկածից վեր է, որ ՀՀ իշխանությունը վարում է պրոթուրքական քաղաքականություն։ Մեր ազգային շահերը զիջելով՝ պատրաստ են բարեկամություն անել այն ցեղի հետ, որը մինչեւ հիմա կալանքի տակ է պահում մեր ռազմագերիներին։ Այն հայը, որը գիտակցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է, որ ՀՀ պետականությունն անսակարկելի է, պետք է իջնի փողոց եւ մասնակից դառնա ՀՀ ճակատագրի կերտմանը։ Սա վերաբերում է աշխարհի բոլոր հայերին։ Սա կուսակցական պայքար չէ, հայրենիքը վեր է ամեն ինչից»,-ընթերցվեց հայտարարությունը։

Քաղաքացի Շանթ Նաջարյանը բարձրախոսով հայտարարեց, որ արեւմտյան Ամերիկայից մինչեւ արեւելյան ԱՄՆ ու Կանադա հայությունը ոտքի է կանգնել․ «Նպատակն է՝ ազատագրել ՀՀ-ն ու Արցախը թուրքերից ու թրքանման հայերից, որոնք նստած են ՀՀ իշխանության ղեկին։ Մեր բողոքներով արթնացնենք հայ մարդու տեսակը, հաղթանակած հայի ոգին։ Ոտքի, այլապես կորցնելու ենք մեր նախկին սերունդների ժառանգածը։ Պարտվում են քաղաքական գործիչները, ոչ թե ժողովուրդն ու բանակը։ Իշխանությունը դավաճան է եւ զորավիգ չէ այն հայրենիքին, որը զինվորի արյամբ է լցված»։

Շանթ Նաջարյանը հայրենակիցներին կոչ արեց վերջ տալ սեւի-սպիտակի բաժանումներին․ «Մենք այսօր այստեղ չէինք հավաքվի, եթե վերջին չորս տարում ՀՀ իշխանության քաղաքականությունը միտված լիներ ՀՀ-ի եւ Արցախի շահերին։ Մենք գլուխ չենք ծռել եւ չենք ծռելու ոչ Նիկոլի, ոչ թուրքի, ոչ ադրբեջանցու առաջ։ Ոչ էլ որոշ սուտ խմբերի առաջ, որոնք հայրենասիրական կոչերով փորձում են իշխանության գալ եւ վաճառել հայրենիքը»։

Քաղաքացի Վռամ Մարտիրոսյանն էլ հայտարարեց՝ ՀՀ իշխանությունը չորս տարի չկատարեց խոստումները, ծախեց հայրենիքը․ «Դժբախտն ու դժգույնը Նիկոլն է, ոչ թե Շուշին։ Նա չորս տարի վարել է հակահայկական, թուրքամետ քաղաքականություն ու խաբել ժողովրդին։ Զարմանո՞ւմ եմ՝ ինչո՞ւ մարդիկ ոտքի չեն կանգնում հայրենիքի փրկության համար։ Նա տվեց Արցախը, ու իր համար դա նորմալ էր, Հայաստանից մաս-մաս տալիս է, նորմալ է, պետք է տա, պրծնի, նոր մարդիկ ոտքի կանգնե՞ն, նախկին հայրենիքի համա՞ր ոտքի կանգնեն։ Եթե այսօր ոտքի չկանգնենք, կորցնելու ենք ողջ Հայաստանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031