Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակված մեր բոլոր հերոսների, մայիսի 9 -ին Ստեփանակերտի Սբ. Աստվածածին Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հավարտ արարողության, Մայր Տաճարից մեկնարկել է խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ Հայոց բանակի պահապան՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր, Աշոտ Երկաթի Սուրբ Խաչի առաջնորդությամբ:
Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրերի և հոգևորաց դասի գլխավորությամբ, անմահացած հերոսների հարազատները ժողովրդի հոծ բազմության հետ միասին Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին մեր նահատակների հիշատակին։
Հակասական զգացողությունների ու հուզմունքների տեղատարափի մեջ, մենք պետք է հիշենք և արժևորենք մեր պատմական հաղթանակները, քանզի պատմությունը կրկնվելու սովորություն ունի, և պետք է կրկին ապացուցենք, որ Մոնթեների ու Վարդանների արյունը իր մեջ կրող ժողովրդին հնարավոր չէ ծնկի բերել։
Կարդացեք նաև
Մեր ազգային միասնականությունն ու միաբան աղոթքներն առ Աստված կկերտեն նոր հաղթանակներ։