Սյունիքի մարզկենտրոնում մայիսի 9-ին կապանցիները հարգեցին 1941-45 թթ․ Մեծ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով նաեւ Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի արձանին։ Այստեղ էր 93-ամյա Ռաֆիկ Հարությունյանը։ «Վետերանների Կապանի խորհրդի նախագահն եմ, երկու անդամ ենք, ընկերս հիվանդ է, ես եմ եկել ծաղիկ դնելու»,-ասում է Ռաֆիկ Հարությունյանը։
Հայ-ռուսական բարեկամության կողմնակիցները ծաղկեպսակ էի բերել՝ «Բարեկամություն» խորագրով։
Հարություն Բադալյանը ոստիկանության մայոր է, թոշակի է անցել։ «Այստեղ քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա։ Եկել ենք մեր ընտանիքներով, ընկերներով, հարեւաններով։ Ուղղակի ցանկացանք արտահայտելու հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, գալ նաեւ Ռուսաստանի դաշնության դրոշով։ Պիտի հիշենք մեր մեծերին, մեր վետերաններին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Բադալյանը։
Կարդացեք նաև
«Մայիսի 9-ը ՝ Հաղթանակի տոնը ապացուցեց, որ եթե կա ազգերի միավորվածություն, ապա հաղթել անհնար է որեւէ մեկին»,-ասաց Սամսոն Արզումանյանը։
«Ակունքներ» ռուս-հայկական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանը բոլորին շնորհավորեց երգով․ ռուսերեն, ուկրաիներեն, սերբերեն եւ հայերեն։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ