Ամենայն հավանականությամբ, Ղուկասյանն իր շրջապատի հետ միասին ծանր է տարել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մոր՝ նախօրեին դատարանում արած հայտարարությունները, թե Վ. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն է սպանել Կարեն Եսայանին։ Եվ նա իրենց «հատուկ ոճով» երեկ որոշել էր «աննկատ չթողնել» կատարվածը։
Ամբաստանյալի հարազատներից մեկը պատմեց, որ դուրս գալով նիստի դահլիճից՝ Ղուկասյանը եւ նրա շքախումբը հարձակվել են Սարգսյանի հոր՝ Սամվել Սարգսյանի վրա ու նրան ծեծի ենթարկել։ «Մինչեւ մենք դուրս կգայինք դահլիճից, Վարդանիկի խումբը հարձակվել ու հարվածել է Սամվելին։ Թե ով է եղել խփողը, չեմ տեսել։ Բայց իրենք 30 հոգի էին։ Սամվելի հագուստի վրա կոշիկի հետքեր կային, ճնշումը բարձրացել էր»,- ասաց մեր զրուցակիցը։
Ուշագրավն այն է, որ օրեր առաջ «Ժողովուրդ»–ին տված հարցազրույցում Վ. Ղուկասյանը հայտարարել էր, թե ինքը ցանկանում է, որ պատժվեն իրական մեղավորները, եւ անմեղներն ազատության մեջ լինեն։ Բայց, փաստորեն, Ղուկասյանը որոշել է անձամբ «արդարադատություն» իրականացնել։
Երեկ փաստաբան Լուսինե Սահակյանը «Ժողովուրդ»–ին տեղեկացրեց, որ արդեն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով փաստի առթիվ քրեական գործ հարուցել։ «Տասն օրվա ընթացքում պետք է նյութեր նախապատրաստվեն՝ կա՛մ գործ հարուցեն, կա՛մ մերժեն հարուցումը»,- ասաց տիկին Սահակյանը։
Կարդացեք նաև
Նա նաեւ հայտնեց, որ Ղուկասյանն իր պաշտպանյալին ասել է. «Տե՛ս՝ զոներում ինչ կանեմ քեզ։ Ծեծել կտամ»։
Հարությունի հորը՝ Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին, երեկ՝ դեպքից հետո, շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ սալջարդերով եւ սրտի հետ կապված խնդիրներով։
Արտակ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում