Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անրաժեշտության դեպքում շրջափակենք կառավարական շենքերը՝ ծնկի ենք բերելու, պետք է պետական կառավարման համակարգը կանգնեցնել»․ Սաղաթելյան

Մայիս 09,2022 22:44

«Ժողովուրդ, տեսա՞ք մեկ շաբաթվա ընթացքում ինչ ենք արել։ Մեկ շաբաթվա ընթացքում մենք կարողացանք մեր ազգին ոտքի հանել, դա այլեւս փաստ է, իրականություն։ Նիկո՛լ, դու ոչ միայն Ալիեւին ես պարտվել, դու նաեւ պարտվել ես սեփական ժողովրդին։ Այն ժողովրդին, ով քեզ չորս տարի առաջ այս օրերին բերեց իշխանության, բայց դու այս ժողովրդին բերեցիր պատերազմ, մահ, զոհ, հայրենիքի կորուստ։ Հիմա այդ ժողովուրդը ոտքի կանգնեց, եւ ասում է՝ Նիկո՛լ, գնա, պարզապես հեռացիր»,-քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման քայլերթից հետո շարունակվող հանրահավաքում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ժողովո՛ւրդ, այսօրվա օրը, ձեր մասնակցությունը, վճռականությունը, մեր բազմահազարանոց երթն ինձ իրավունք է տալիս այս հրապարակից ձեր անունից հայտարարել՝ Նիկո՛լ, կամ դու արագ, անցնցում հրաժարական ես տալիս, կամ մենք երկիրը կանգնեցնում ենք», -ասաց Սաղաթելյանը։

Նա կրկին պնդեց՝ Փաշինյանը Հայաստանում այլեւս իշխանություն չունի․«Մեր հետեւողական քայլերի արդյունքում, մեր համախմբվածությամբ, մեր ճիշտ գործողությունների արդյունքում մեր պայքարը րոպե-րոպե թափ է հավաքում։ Ինչ պետք է անել։ Պարզ բանաձեւ եմ ասում՝ պետք է պետական կառավարման համակարգը կանգնեցնել։ Իշխանության հեռացնելու մի ճանապարհ գոյություն ունի, որ գործնականորեն փաստենք, որ իշխանությունը փողոցում է, մենք ենք որոշում, աթոռներին նստածներն այլեւս ի վիճակի չեն մեր երկրում որեւէ բան որոշելու։ Դրա համար պետք է ավելի լայն տարածումով շարունակենք մեր բողոքի ցույցերը։ Վաղը շատ կարեւոր օր է մեզ համար՝ եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը դուրս գա փողոց՝ կոնկրետ անհնազանդության գործողություններ եւ ցույցեր անելու, հաշված օրերի ընթացքում հեռացնելու ենք։

Առաջին խնդիրը՝ խնդրում եւ պահանջում ենք ձեզանից, վաղը հայտարարում ենք դասադուլ եւ գործադուլ, յուրաքանչյուրդ ձեզ հետ փողոց եք բերում եւս մեկ քաղաքացի։ Եթե մենք վաղն այդքանով սկսենք ամբողջ Երեւանում մեր անհնազանդության ցույցերը, անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական կառավարական շենքերը, մենք վերջնականապես ծնկի ենք բերելու։ Անհնազանդության ցույցերով, քայլերով ամբողջ իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը ու կանգնեցնում երկիրը։ Պետք է բոլորը հասկանան՝ Նիկոլի ամեն օր մնալը չի բխում երկրի շահերից եւ միանան մեզ»։

Ապա Սաղաթելյանն ասաց, որ իրեն մի քաղաքացի է դիմել եւ ասել՝ ասում եք՝ ճանապարհ փակեք, փակում ենք, ասում եք՝ երթ, անում ենք, բայց ախր այդ ճանապարհ փակելուց էսի չի գնա․ «Ժողովուրդ ջան, գնալու է։ Անհնազանդության ցույցերը, պետական կառավարման համակարգը կանգնեցնելն ինքնանպատակ չի։ Միակ ճանապարհը դա է։ Նոր հեծանիվ հորինել պետք չէ, կրկնապատկենք մեր թիվը անհնազանդության ցույցերով։ Նահանջ չկա, հոգնել չկա»։

Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը չորս ուղղություններով սկսում են անհնազանդության ցույցեր, երթեր, որոնց ընթացքում լինելու են անհնազանդության ցույցեր արգելափակվելու են ճանապարհներ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031