«Ես ձեր զինվորն եմ ու մնալու եմ ձեր զինվորը ցմահ, մինչև կարողանանք հաղթել»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Սիսական գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ)։
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած քաղաքականության մասին՝ Աշոտ Մինասյանն ասաց․ «Չորս տարի առաջ սրանք եկան ու ստեղծեցին պատերազմի իշխանություն, իրենց հետ բերեցին ստի իշխանություն, դատապարտեցին մեր բանակի բոլոր գեներալ գնդապետներին իրենց ստահոդ լուրերով։ Շինծու քրեական գործեր հարուցեցին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների դեմ, մահվան հասցրին գեներալ Մանվել Գրիգորյանին»։
Աշոտ Մինասյանը, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, հարցրեց․ «Դուք որտե՞ղ եք ձեր մեղքերը քավելու։ Չկա այն հոգևորականը, այն սրբազանը, անգամ Վեհափառը չի կարող ձեր մեղքերին թողություն տալ»։
Կարդացեք նաև
Աշոտ Երկաթը վստահեցրեց՝ հայ զինվորը չի պարտվել․ պարտվել են այս իշխանությունները։ Այնուհետև կոչով դիմեց հայ մտավորականությանը, զինականին ու ոստիկանին․ «Եթե դուք այսօր ձեր ժողովրդի կողքին կանգնած չեք, ուստի մտեք այնտեղ, որտեղից դուրս եք եկել»։
Ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցներն այս պահին իրականացնում են ավանդական քայլերթը Երևանի փողոցներով, որից հետո հանրահավաքը կշարունակվի։
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ