Համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես մի խումբ երիտասարդներ, իջնելով մեքենայից, Գյումրու «Ստրոմմաշ» թաղամասի կանգառներից մեկում ծեծի են ենթարկում ծերունիների։ Տեսանյութում նաև երևում է, որ տարեց տղամարդկանցից մեկի ձեռքին երկաթյա ձող կա։ Թե ինչ պատճառով է ծագել միջադեպը, դեռևս պարզ չէ։
Շատերը պնդում են, որ Գյումրիում երեկ տեղի ունեցած հանրահավաքից հետո է արձանագրվել ծեծկռտուքը և որ ընդդիմադիր երիտասարդներ են տարեցներին ծեծողը։
Այսօր մայրաքաղաքում ընթացող հանրահավաքի ժամանակ էլ անդրադառնալով այս միջադեպին՝ կազմակերպիչները հերքեցին՝ պնդելով, որ իրենք իրենց հայ մարդուն վայել են պահել ու ոչ մեկի վրա ձեռք չեն բարձրացրել։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին ասաց, որ նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 258֊րդ հոդվածի 4֊րդ մասի հատկանիշներով։ Կատարվում են ակտիվ գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցներին նույնականացնելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ