Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանին Եռաբլուրում հանդիպեի, կասեի, որ ինքը մարդասպան է հերիք չի, մի հատ էլ ինքը թասիբով հայ չի, թասիբով հայը ինքը իրեն գլխից կխփեր, ոչ թե ծափ կտար ու կհրճվեր». Զոհված հերոսի մոր բողոքը

Մայիս 09,2022 20:55

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր էր այցելել անվտանգության ուժեղացված ռեժիմով:

Եռաբլուրում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները վիրավորված էին, որ անգամ իրենց մուտքն են խոչընդոտել Եռաբլուր՝ Փաշինյանի այցի ժամանակ:

«Եկել է՝ ծնողներից թաքուն, ո՞ւմ մոտ է եկել, եթե Շուշին հանձնեց, նվիրեց, թող Շուշիի համար զոհված տղերքի մոտ էլ մի հատ խոնարհվեր, է՞դ էր իր դուխը, թե՞ փախեփախ անելով, ժամը 7:30 մարդը ոստիկանական զորքը բերում լցնում է այստեղ, պատնեշում է, ծնողներին ներս չի թողնում, որ մոտիկանան իրենց երեխեքին ու գալիս է հարգանքի տո՞ւրք մատուցի: Այդպես հարգանքի տուրք չեն մատուցում: Եթե ինքը անմեղ է, ասում է՝ մենք անտեղի ենք իրեն մեղադրում, դե թող գա, կանգնի դիմացներս, խոսա, ներողություն խնդրի, ասի՝ կներես, որ տղուդ նվեր տվեցի Շուշիի տակ ու մենակ տղուս չէ, այդքան երեխեն հետը, մի ամբողջ զորագունդ նորակոչիկների այնտեղ տվեց, մոբի երեխեքին այնտեղ զոհեց, տղուս դասակը այնտեղ զոհվեց, շրջափակման մեջ մնացին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված հերոս Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը:

Հարցրեցինք՝ ձեզ, որպես ծնող, Փաշինյանը բացատրություններ չի՞ տվել՝ ինչպես այդպես ստացվեց, ինչպես զոհվեց ձեր որդին՝ նա պատասխանեց. «Ինչի ինքը բացատրություն տա՞լ էլ գիտի, այսօր մի բան է ասում, հաջորդ օրը շուռ է գալիս, լրիվ ուրիշ բան է ասում: Ասում է՝ դուք ինձ սխալ հասկացաք,  ոնց որ ասեց՝ Շուշին դժգույն քաղաք է, հաջորդ օրն ասեց՝ դուք ինձ սխալ եք հասկացել, ես նման բան չեմ ասել: Հիմա ինքը էլի չի ասելու, չի կարողանալու բացատրություն տալ: Այս վերջում էլ մարդը կանգնեց ասեց՝ կարող էր այս ամեն ինչը նույն ավարտն ունենար ու այսքան զոհը չլիներ: Եթե պիտի հողերը ինքը տար, ինչի՞ իմ տղուն տվեց հետը, այսքան երեխեքին տվեց հետը: Իմ տղեն նոյեմբերի 7-ին է զոհվել, եթե ինքը ժամանակին պիտի ստորագրեր այդ անտեր մնացած թուղթը, իմ տղեն էլ կարար տուն գար ու իր նման հարյուրավոր, հազարավոր տղաներ: 42 օր կռվելուց հետո Շուշին էլ հետը նվեր տվեցին թուրքին»:

Ճշտեցինք՝ իր բացատրություններում ռացիոնալ հատիկ չե՞ք տեսնում՝ նա պատասխանեց. «Ինքը նախ ոչ մի բան նորմալ բացատրություն չի տվել ու իր ասած վերջին խոսքն էլ ապացուցում է, որ հա՛ հենց գլխավոր պատասխանատուն է եւ գլխավոր մեղավորն է: Ինքը կարող էր այնպես աներ, որ այս պատերազմը այս ելքը չունենար, գոնե զոհերի քանակի առումով: Եթե ինքը անընդհատ շեշտը դնում է նրա վրա, որ նախկինները տվել էին հողեըը, բայց ինքը ստորագրեց այդ փաստաթուղթը, ուրեմն թող ինքը շուտ ստորագրեր, թող հենց ամսի 27-ին ստորագրեր, ամսի 4-ին ստորագրեր, մենք այսքան զոհ ու վիրավոր չէինք ունենա: Գալիս են այստեղ երեխաներ՝ առանց ոտք ու ձեռքի, ես ինձ զգում եմ՝ ոնց որ պատերազմի դաշտում, դա էլ է չէ՞ մեր համար սթրես, ոնց որ երկու կողմից ճնշման տակ լինենք: Ինքը ոչ մի բացատրություն չունի տալու: Ինքը պիտի պատասխան տա, ինքը պիտի պատժվի, պիտի դատվի: Իսկ ինձ որ մնար՝ դատվելը իր համար մեղմ պատիժ կլիներ, պիտի տային իրեն ծնողների ձեռքը, որ ծնողները իրեն մասերի բաժանեին, որ իմանար ցավ քաշելը ոնց է լինում»:

Թե ինչու Փաշինյանը Եռաբլուր չի այցելում այն ժամին, երբ ծնողներն են այնտեղ լինում, ամոթի զգացո՞ւմ ունի, թե՞ վախենում է առերեսվել ծնողների հետ՝ տիկին Արզումանյանը պատասխանեց. «Ինքը մեզ ոնց որ սադրի, փորձի մեր վերքի վրա աղ լցնի: Ինքը ի սկզբանե երես չի ունեցել մեր դեմքին նայելու, այս տարի ու կեսվա ընթացքում, ինչքան եկել է Եռաբլուր նմանատիպ օրերին, ինքը ոչ մի անգամ մեր կողքով չի անցել: Եկել է թաքուն, ընտրյալ երեխեքի մոտ բուկետ է դրել, այն էլ գիտենք որ երեխեքի, այն մամաների, ովքեր իրեն սատարում են, այդ երեխեքի մոտ է եկել ու հիմնականում գնում է մեր արցախյան առաջին պատերազմի զոհերի մոտ, որպեսզի մեր 44-օրյայի ծնողներին չհանդիպի: Ինքը ոնց որ իր այս այցերով մեզ ավելի կատաղեցնի, ցավը կրկնապատկի: 7:30 է եկել, որ քիչ ծնողներ լինեն, բայց էլի այստեղ բավականաչափ ծնողներ են եղել, մոտիկ չի եկել: Ինչքանով տեղյակ եմ, մոտակայքում չի մոտեցել ու թող չփորձի երբեւիցե մոտիկանա ու պղծի մեր երեխեքի շիրմաքարերը»:

Հարցրեցինք՝ եթե դուք առերեսվեք իր հետ, հանդիպեք, ի՞նչ ասեիք ունեք՝ որպես զոհվածի ծնող՝ նա պատասխանեց. «Կասեմ, որ ինքը մարդասպան է: Մարդասպան է հերիք չի, հողերը նվեր տվեց հերիք չի, կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրեց հերիք չի, մի հատ էլ ինքը թասիբով հայ չի: Թասիբով հայը ամսի 9-ից հետո ինքը իրեն գլխից կխփեր: Գոնե գլխից կխփեր, որ իր մահով ինչ-որ մի տեղ այսքանի պատասխանը փակեր, ոչ թե այսօր դահլիճում ծափ տա իր թիմակիցների հետ, հրճվի: Ինչի՞ վրա ես հրճվում, այս երեխեքին արածի վրա՞՝ իր թիմակիցների հետ հանդերձ: Երկու կուսակցություններ իրար հետ կռիվ են տալիս, ինքը շուռ է գալիս՝ բերանը բացած: Ինչի՞ վրա եք ծիծաղում, ո՞ւմ եք գազազացնում, այս ծնողների՞ն: Առանց այդ էլ այս ծնողներն այնպիսի վիճակում են գտնվում, որ ամեն մի տառը, բառը մեր վրա ազդում է, իրենք այդքանից հետո ո՞նց են կարողանում….Դիտմամբ են անում, սրան ուրիշ խոսք, բացատրություն չկա»:

Զոհվածի մայրը, հույս ունենալով, որ իր խոսքը կհասնի Փաշինյանին, ասաց. «Հաջորդ անգամ, որ ինքը գա Եռաբլուր, թող իր ոստիկանական համակարգին չկանգնեցնի որպես պատնեշ մեր ծնողների դեմ: Սա մեր երեխքի տունն է, սա մեր տունն է, մենք առավոտից իրիկուն այստեղ ենք գտնվում: Եթե ինքը պիտի գա 20 րոպեով այստեղ, ծիկ անի ու փախնի, դրա համար թող մեր մուտքը չարգելի: Ինչ է նշանակում իր երեխու տուն չթողնեն գնա: Ինչ է թե ինքը պիտի գնա, գա, դրա համար ծնողին չեն թողնո՞ւմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031