Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանը լավ կանի իր շրջապատում այդ մարդկանց ընտրի, ովքեր բանակում չեն ծառայել, խուսափել են, կամ տաքուկ տեղերում են ծառայել». Սեյրան Օհանյան

Մայիս 09,2022 19:03

«Հիմա այլ իրավիճակ է, եթե նախկինում մենք հպարտություն էինք ապրում, հիմա կարելի է ասել մի քիչ կոտրված է մեր ժողովուրդը, հոգեբանական ճնշման տակ է: Բայց այս պայքարի ոգին, որ մենք հաղորդել ենք Դիմադրության շարժման մեջ, թույլ է տալու մեզ գոտեպնդված դուրս գանք: Մենք պետք է վերադարձնենք մեր ժողովրդի եռատոները»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա ասաց, որ չեն հուսահատվում, անցել է բեկումնային պահը ու հայ ժողովուրդը պետք է համախմբվի շարժման շուրջ: Կհամախմբվեն, ճնշումները կսաստկացնեն ՀՀ իշխանությունների վրա, որ հեռանան. «Կարծում եմ, կգան իշխանություններ, որ ամուր բռունցք ունեն»:

Երբ փոխանցեցինք Էդմոն Մարուքյանի, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետները, որ հիմա պատեհ պահը չէ իշխանափոխության, բանակցային դիրքերը կվատթարացնի՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իշխանությունները այս շարժումը կարող են օգտագործել՝ արտաքին քաղաքականության մեջ՝ ասելով, որ մեր ժողովուրդը դեռ չի կոտրվել, պայքարի ոգին կա. «Պետք չի կուրորեն գնալ թուրք-ադրբեջանական խաբկանքի, պարտադրանքի մեջ»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ այսօր ասֆալտի վրա, հրապարակներում, ճանապարհների վրա իրենք կարողանում են, փորձում են կարգուկանոն հաստատել, բիրտ ուժ կիրառել, մի բան, որ պատերազմի ժամանակ չէին անում. «Այդ ամբողջ ճանապարհը իրենք խրախուսել են՝ շնորհելով տարբեր կոչումներ, շքանշաններ՝ դրանով իսկ ցածրացնել այդ շքանշանների դերն ու նշանակությունը: Ինչպե՞ս ընդունել, երբ կառավարության ղեկավարն ասում է՝ ինձ ինչ ներկայացրել են, ես էլ նույնը ներկայացրել եմ ՀՀ նախագահին, ինչ է, դու կո՞ւյր ես, չե՞ս կարողանում գնահատել՝ ինչի համար պետք է ներկայացնել բարձր պաշտոնների:

ՀՀ սահմաններում այդ պարտությունների շարքը շարունակվում է: Հիմա ո՞նց գնալ խաղաղության մի պետության հետ, կամ տանդեմի հետ, որոնք ասում են՝ մենք պատրաստ ենք խաղաղության, բայց իրենց գործողություններով չի երեւում, շարունակում են հայատյացությունը, ռազմական հռետորաբանությունը, շարունակում են սադրանքները ՀՀ սահմաններում՝ այս սարն իմն է, այս ծառն իմն է, Երեւանն իմն է, Սեւանն իմն է: Դրանք նպաստո՞ւմ են խաղաղ համակեցությամբ հայերի ու ադրբեջանցիների միասին ապրելուն: Խաղաղությունը չի կարող լինել երաշխիք: Իրավիճակին համահունչ չեն իրենք որոշումներ ընդունում, սահմանները չամրապնդեցին, բանակը չհամալրեցին: Իրենք սահմանային համայնքների բնակիչներին ասում են՝մեր համար միեւնույն է ձեր մոտ սահմանում ինչպիսին կլինի իրավիճակը, կարեւորը ուռճացնենք ոստիկանությունը՝ մեր աթոռները պահելու համար: Այս ամենը չի բխում մեր շահերից: Պետությունը կարող է մեր պայքարի ոգին օգտագործել՝ արտաքին հարաբերությունների համար»:

Խոսելով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ ցուցարարներին որպես մոբռեսուրս հաշվառելու նախաձեռնության մասին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ չի կարելի բանակով վախեցնել ու խտրականություն դնել՝ եթե ընդդիմադիր ես, պիտի գնաս բանակ. «Եթե մոբիլիզացիոն խնդիրներ են առաջանում, իրենք եթե նույնիսկ ասում են՝ գնացեք Արցախում պայքարեք, մենք չենք կարող գնալ Արցախում պայքարել, այդ մոբիլիզացիան պետք է պետությունը անի՝ համահավասար սկզբունքով: Եթե ուզում եք համեմատություններ անել, մեր ցուցարարների մեծ մասը ծառայել է բանակում, եւ 44-օրյա, ապրիլյան պատերազմի մասնակից են եղել, առաջին ազատամարտի մասնակից են եղել, Անդրանիկ Քոչարյանը լավ կանի իր շրջապատում, իր համակիրների շրջապատում այդ մարդկանց ընտրի, ովքեր բանակում չեն ծառայել, խուսափել են, կամ տաքուկ տեղերում են ծառայել: Թող ինքը դրա մասին մտածի: Այս ամենը խոսում է  այն մասին, որ այսօրվա իշխանությունները նույնիսկ այդ հարցրում փորձում են իրենց համար հարմար պայմաններ ստեղծել, սա քաղաքական հետապնդման կլասիկ օրինակ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031