Մայիսի 9, 2022 թ․, Դիլիջան։ Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ ամյակի առթիվ Դիլիջան քաղաքում այսօր տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերաբացման արարողությունը: Հուշահամալիրի տարածքում տեղադրված է նաև Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրը:
Հուշահամալիրի վերականգնման և շրջակայքի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ անհատ բարերարների, կազմակերպությունների աջակցությամբ և Դիլիջանի համայնքապետարանի ու բնակիչների համատեղ ջանքերով։ Աշխատանքներին աջակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը:
Աշխատանքները մեկնարկել են երկու ամիս առաջ, որի ընթացքում ամբողջությամբ վերականգնվել են համալիրի հուշարձանները, իրականացվել են հարակից տարածքների աղբահանության, կանաչապատման և լուսավորության աշխատանքներ։
Հուշահամալիրի վերաբացման արարողությանը ներկա էին տեղական իշխանությունների և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դիլիջան համայնքի բնակիչներ։
Կարդացեք նաև
««Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը և նրա հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախաձեռնեցին հուշահամալիրի վերականգնումը, որպեսզի դիլիջանցիները և քաղաքի հյուրերը կարողանան այս օրը մեր հերոսների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել բարեկարգված հուշահամալիրում: Մենք կարծում ենք, որ հերոսների հիշատակի նկատմամբ մեր հարգանքը դրսևորվում է նաև նրանց նվիրված հուշարձանների նկատմամբ մեր վերաբերմունքով ու հոգածությամբ։ Ժամանակին այս համալիրն ու հարակից տարածքը դիլիջանցիների սիրված վայրերից են եղել, և հուսով ենք, բարեկարգումից հետո այն կշարունակի այդպիսին մնալ նրանց համար»,- ասաց TUF հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթևոսյանը:
«Դիլիջանցիների համար շատ կարևոր է հուշարձանների պահպանումը. այստեղ մենք ունենք և՛ Հայոց ցեղասպանության, և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ։ Ողջունելի է TUF հիմնադրամի և անհատ բարերարների կողմից ցուցաբերած աջակցությունն ու նախաձեռնողականությունը հուշարձանների պահպանման և վերականգման գործում։ Դիլիջանի համայնքապետարանը միշտ պատրաստակամ է համագործակցության համար»,-նշեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Արարողությունից հետո մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Միջոցառման ավարտին հյուրերը նաև ծառեր տնկեցին հուշարձանի հարակից՝ նորաստեղծ «Հաղթողների ծառուղում»։
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամ
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է IDeA հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերի իրականացումը: TUF հիմնադրամն իրագործում է ծրագրեր Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում, Արցախում և Երևանում։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարարական ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու նպաստում համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկրի դիրքավորմանը: TUF-ի հիմնադիրը բարերար և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն է: