Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ միջազգային հանրությունը պահանջում է մեզնից իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը: Այսօր Եռաբլուրում այս առնչությամբ հարցին՝ ինչպե՞ս եք ընկալում այդ նշաձողի իջեցումը, արդյոք դա նշանակում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Որեւէ բան չի նշանակում, որովհետեւ քանի դեռ չունենք որեւէ փաստաթուղթ, որը մեր ժողովուրդը, մենք՝ որպես պետություն Արցախում կընդունենք ու մեզ համար ընդունելի կլինի, մենք որեւէ նման բան ասելու իրավունք չունենք: Դա հիմա դարձել է քարոզչական հնարք՝ ա՛յ որ դա ասում եք, ուրեմն Արցախը թողնում եք Ադրբեջանի կազմում: Ով ի՞նչ է ուզում կամ տեսնում: Ինչ-որ մարդիկ կան երեւի, որ Արցախը ուզում են տեսնել Ադրբեջանի կազմում, այդպես են ասում, ես չգիտեմ: Խոսքը գնում է հետեւյալի մասին՝ մինչեւ վերջին պատերազմը հրապարակային հայկական կողմը ասել է, որ մենք գնում ենք Արցախի ճանաչմանը: Բանակցություններում չկա մի փաստաթուղթ, որտեղ անկախության մասին որեւէ բան կլինի: Այսինքն, հրապարակային ասվել է մի բան, բանակցվել է մի այլ բան: Հիմա ասում է՝միջազգային հանրությունը մեզ ասում է՝ եթե ձեր մաքսիմալիստական մոտեցումը վերափոխեք, կունենաք կոնսոլիդացիա, եթե չէ՝ չէ»:
Իսկ թե որն է առավելապաշտությունը՝ Մարուքյանը բացատրեց այսպես. «Եթե դու գնում ես բանակցությունների ու ի սկզբանե ասում ես, որ այ, եթե դուք չեք ճանաչում Արցախի անկախությունը, էլ մենք խոսելու բան չունենք, դրա հաջորդ րոպեին սկսում է պատերազմը: Այ դա է անհասկանալի միջազգային հանրության համար այսօր: Բայց երբ որ դու գնում ես բանակցությունների ու գնում ես իրավունքներից դեպի կարգավիճակ, թող իրենք ասեն՝ ինչ իրավունքների մասին է խոսքը գնում, ինչ կարգավիճակ են տալիս անվտանգության, այ դրանից կբխեցվի կարգավիճակը ինչ է: Եթե դու գնում ես ու քո մաքսիմալիստական ծրագիրը ներկայացնում ես, ասում են՝ եղավ, եղբայր, հաջողություն, ցտեսություն, դե կխոսենք: Մեկ էլ սկսում է պատերազմը: Էլ բան չի մնում խոսելու: Հիմա կարելի է չէ՞ անցած 30 տարվա ամբողջ բանակցային պրոցեսը վերաիմաստավորել, այսօր ուրիշ աշխարհ է, այն ժամանակ ուրիշ աշխարհ էր: Բայց անգամ այն ժամանակ, երբ ավելի հեշտ էին պետությունները ճանաչվում եւ դառնում ՄԱԿ-ի լիիրավ անդամ, մի հատ էլ իրենց աթոռը տեղադրում ՄԱԿ-ում, բայց անգամ այդ ժամանակ չի ստացվել այն, ինչ ասվել է: Դա չպետք է հիմք տա, որ անդադար Հայաստանում խոսվի այն մասին՝ որ հա՜, ուրեմն Արցախը Ադրբեջանի կազմում են տեսնում: Ով որ ասում է, ուրեմն ինքն է տեսնում»:
Իսկ թե միջազգային հանրություն ասելով՝ ո՞ր երկրները նկատի ունեն, որո՞նք են պահանջում Արցախի հարցում նշաձողն իջեցնել՝ Մարուքյանը պատասխանեց՝ առաջինը Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԵՄ մյուս անդամ երկրները. «Քաղաքակիրթ ամբողջ աշխարհը: Կա՞ ինչ-որ երկիր, որ ճանաչել է Արցախի հանրապետությունը, մենք ասել ենք՝ չէ»:
Կարդացեք նաև
Ըստ Մարուքյանի, նախկինում, երբ ծափահարում էինք այլ երկրների հայտարարությունները, այնտեղ կարգավիճակ ասվածը անկախությունը չի եղել, եթե այդպես լիներ, կճանաչեին, ՄԱԿ-ում աթոռ կտային, կասեին՝ եկեք, մի ձայնի իրավունք ունեք. «Ինչ-որ փուլ կարող է եղել է, որ ապրել ենք պատրանքներով, հիմա այդ պատրանքները եկել, դարձել են արհավիրք մեր գլխին: Հիմա պետք է իրավիճակը ռեալ գնահատել ու շարժվել առաջ: Եթե շարունակի Հայաստանը պատրանքներով ապրել, նոր արհավիրքներ կբերի իր երկրի գլխին, որն անթույլատրելի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ