Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրան Խաչատրյանը արկածախնդրության կողմնակից չէ. «Մովսես Հակոբյանի ամեն ասածից հետո մի քրեական գործ է հարուցվում»

Մայիս 09,2022 17:09

«ԳՇ պետ չի նշանակվում, որովհետեւ այն, ում տեսնում են թեկնածու, չի ուզում, որ իրեն նշանակեն: Ուրիշ բան ես այստեղ չեմ տեսնում: Թեկնածու չունեն, իսկ նա, ով թեկնածու է, չի ուզում»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԳՇ շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսպես բացատրեց, թե ինչու մինչ օրս ԳՇ պետի պաշտոնը թափուր է մնացել:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետ կապված հարուցված քրգործերին՝ Տիրան Խաչատրյանն ասաց, որ իրեն տարբեր գործերով հրավիրել են Քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակով, ինքը բոլոր հարցերի պատասխանները տվել է: Հետաքրքրվեցինք՝ ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում ենթադրաբար հրավիրվելու է, արժեքավոր տեղեկություններ ունի՞ հայտնելու ու կմասնակցի՞ այդ աշխատանքներին, կգնա՞, թե՞ ոչ՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Նայած իրենց համար արժեքավոր տեղեկությունը որն է ու անարժեքը որն է: Հանրությունը իմ՝ այնտեղ ներկայացրածից ոչնչից էլ չի տեղեկանալու: Գաղտնիության ռեժիմը ապահովելով է պահպանվում՝ նույնիսկ նկարահանվելով, որովհետեւ այն, ինչ ձայնագրվում, նկարահանվում, մեքենագրվում է, այդ պատերի ներսում է մնալու: Եթե ես պետք է գնամ, ինձ այնտեղ ինչ-որ հարցեր տան, ինչ-որ պարզաբանում արվի ու դա որեւէ իմաստ, նպատակ չհետապնդի, հետագա ազդեցություն չունենա ամբողջի վրա, իմ գնալու իմաստը ո՞րն է լինելու: Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ իմ ասածը, իմ ներկայացրած փաստերը կամ հիմնավորումները ինչ-որ օգուտ կտան, իհարկե, կգնամ»:

Տիրան Խաչատրյանն ասաց, որ եթե լինի անաչառ հանձնաժողով, պատրաստ են մասնակցություն ունենալ, իսկ թե ինչքանո՞վ է անաչառ ստեղծված քննիչ հանձնաժողովը՝ նա այսպես մեկնաբանեց. «Երբ խաղը մի դարպասի վրա է եւ մի թիմ է խաղում դարպասապահի դեմ ընդամենը, ես չգիտեմ, ի՞նչ անաչառ, անկողմնապահ»:

Խոսելով իրավապահներին հայտնած իր ունեցած տեղեկությունների մասին՝ Տիրան Խաչատրյան ասաց. «Այն տեղեկությունները, որ ես հայտնել եմ, արձանագրվել են: Եթե անհրաժեշտություն կա դրանք ինչ-որ տեղ օգտագործելու, կօգտագործեն: Այստեղ գործելու է եւ մեղադրող կողմը, եւ պաշտպանվող կողմը, փաստաբանը համապատասխան նյութերին կծանոթանա ու այն տեղեկությունները, որոնք ես եմ ներկայացրել, երկու կողմինն են»:

Հարցին՝ ձեր ունեցած ինֆորմացիան կարիք տեսնո՞ւմ եք հանրությանը որեւէ կերպ, որևէ հարթակով հայտնելու, օրինակ, ասուլիս անելու, ինչպես դա արեց Մովսես Հակոբյանը՝ նա պատասխանեց. «Այն ինֆորմացիան, որին ես տիրապետում եմ, ոչ թե գաղտնի է, այլ՝ հույժ գաղտնի: Ինչպես եք պատկերացնում այդ ինֆորմացիան ասելը: Մովսես Հակոբյանի ամեն ասածից հետո մի քրեական գործ է հարուցվում»:

Ճշտեցինք՝ խուսափում եք քրեական գործից, չե՞ք ուզում անդարդ գլուխը դարդի տակ դնել՝ նա պատասխանեց՝ «Իհարկե: Այստեղ անդարդն ու դարդովը չի: Արկածախնդրությունը այս կատեգորիայի հարց չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031