Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրան Խաչատրյանը՝ Փաշինյանին սխալ բան զեկուցելու մասին. «Փաշինյանը շատ ուրիշ հարցերի մասին էլ է այլ բան ասում եւ որքա՞ն են դրանք ճշմարտությանը գոնե մոտ»

Մայիս 09,2022 16:51

Պատերազմի ժամանակ դուք, որպես զինվորական, զգո՞ւմ էիք, որ ինչ-որ բան այն չէ, բանակի հետ մի բան այն չէ, հրամանատարական պաշտոններ եք զբաղեցրել, պետք է որ իմանայիք. Այսօր Եռաբլուրում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ԳՇ շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ասաց. «Ոչ թե ինչ-որ բան, շատ բան այն չէր մինչեւ պատերազմը սկսելն էլ: Սկսած՝պետական կառավարման համակարգից, վերջացրած ռազմական ամբողջ համակարգի ընդգրկվածության եւ դրա հետագա խնդիրների կառավարման հարցերը: Դա նորություն չի եղել, բայց մեր մասնակցությամբ, անմիջական խնդիրների լուծմանը ինչ-որ ձեւով աջակից լինելու հարցով որ կարող էինք նպաստել այդ ամեն ինչին՝ դա փաստ է եղել: Բայց իրենք չուզեցին, որ մեր նմանների ներկայությունն այդ համակարգում լինի»:

Ճշտեցինք՝ դա ինչի՞ն եք վերագրում, ապիկար են, չէի՞ն կարողանում կառավարել, թե՞ այդտեղ դուք դիտավորություն եք տեսնում՝ նա պատասխանեց. «Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Պարզ ճշմարտություն կա՝ կամայական անձնավորություն չի կարող զբաղվել մի բանով, որին ինքը չի տիրապետում: Եթե մարդը չգիտի ԶՈՒ-ի կամ պետությունը պատերազմի նախապատրաստելու կարգը, խնդիրները, քայլերի հաջորդականությունը՝ ինչքան ուզում ես բացատրի: Իմ՝ ԶՈՒ-ում եղած ժամանակահատվածում բազմաթիվ միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ պետական մակարդակի, կառավարության նիստերում բարձրացրել եմ այդ հարցերը, ներկայացրել եմ նաեւ այն, ինչ պետք է արվի, տարբեր քննարկումներ են եղել, անհարմար է, բայց պետք է ասեմ՝ շատ բաներ վերածվել են նաեւ դասախոսության, թե ինչը ոնց պետք է արվի: Բայց մարդը կարող է զբաղվել նրանով, ինչը ինքը գիտի: Որքան արհեստավարժ է այդ հարցում, այնքան ավելի շատ նրբություններ կգնահատի ու արդյունավետ լուծումներ կգտնի՝ հարցերի կազմակերպման կամ վերջնական նպատակի հասնելու համար: Բայց իրենք առաջինը չունեին այդ որակները եւ երկրորդը՝ չէին էլ ուզում դրանով լրջորեն զբաղվել: Որքան պատկերացնում եմ, իրենց համար դա ոչ այդքան կարեւոր հարց է եղել»:

Ըստ Տիրան Խաչատրյանի, 44-օրյա պատերազմը այդ իրավիճակում հնարավոր չէր հաղթել ու եթե ինչ-որ «տաղանդաշատ, գերբնական ուժ ունեցող» մեկը կկանգնի, կասի, որ հնարավոր էր հաղթել, ինքը կասի՝ «սուտ է»:

Հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Օնիկ Գասպարյանի զեկուցման հետ կապված այլ բան էր ասում, հնարավո՞ր է՝ դուք իրեն այլ բան եք զեկուցել, ինքն էլ ապակողմնորոշվել է՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Փաշինյանը շատ ուրիշ հարցերի մասին էլ է այլ բան ասում եւ որքա՞ն են դրանք ճշմարտությանը գոնե մոտ»:

Նա ասաց, որ ինքը Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել ու մանրամասներին տեղյակ չէ. «Չնայած ԳՇ նախկին պետի հետ մենք այդ հարցը քննարկել ենք, թե ինչ հերթականությամբ ինչ զեկույցներ ու ինչ առաջարկություններ են եղել, ես հավատում եմ, որ ԳՇ նախկին պետը զեկուցել է այդ մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031