Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախը մեզ համար աննահանջելի կետ է, որեւէ կերպ չենք կարող հաշտվել այս իրավիճակի հետ, պատերազմը դեռ շարունակվում է. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մայիս 09,2022 16:38

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ Արցախը վիրավոր է, եւ այս երկու տարիները բավականին բարդ ժամանակաշրջան են:

Նրա խոսքով, Եռատոնը մեզ համար խորհրդանշում է այն վճռականությունը, որն ունի հայ ժողովուրդը, իսկ Արցախը այդ իրավունքի պաշտպանության առաջին գծում է: «Այս օրը մեր վճռականության վերականգնման, վերանորոգման օրն է, եւ մենք, որպես Հայ Հեղափոխական Դաշնակցություն, պատրաստ ենք աշխատել, ամեն ինչ անել, որ Արցախը լինի հայկական եւ երբեք չլինի Ադրբեջանի կազմում: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի Արցախի ժողովուրդը իրեն չզգա միայնակ»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Նա վստահեցրեց, որ Արցախն իրենց համար աննահանջելի կետ է, իրենք որեւէ կերպ չեն կարող հաշտվել այս իրավիճակի հետ, եւ որ պատերազմը դեռ շարունակվում է: Նրա խոսքով, ամեն զոհողությունների պետք է գնան, որպեսզի Արցախի հարցը լուծեն:

Ասաց, որ աշխարհում չկա պետություն, որը հայկական կողմի գործն ինքը կանի. «Այսինքն՝ լինի այնպիսի պրո հայկական, որ հայկական կողմի շահերից ելնի: Յուրաքանչյուր պետություն ելնում է իր շահերից: Եվ, ես հասկանում եմ՝ ինչու հենց արեւմտյան երկրները ուզում են, որ այդ հարաբերությունները կարգավորվեն, որովհետեւ արեւմտյան ազդեցության գոտին կզարգանա տարածաշրջանում՝ Թուրքիայի ճանապարհով: Ինչը մեզ համար անընդունելի է»:

Ըստ նրա, իրենք եւս կողմնակից են հայ-թուրքական հարաբերությունները բնականոն հունի վրա դնելուն, ինչը սակայն չի նշանակում, որ իրենք կողմնակից են հայ-թուրքական հաշտեցման. «Հաշտեցման գործընթացը կենթադրի թուրքական նախապայմանների ընդունում: Թուրքիան միշտ խանգարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ հայկական կողմը նախկինում գնացել է բանակցությունների առանց նախապայմանների»:

Անդրադառնալով «Դիմադրության» շարժման հանրահավաքներին, Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ իշխանությունը պետք է անցնցում հեռանա. «Իշխանությունը ասում է, որ ստացել է մանդատ բանակցությունները այս կերպով վարելու համար, բայց իրականությունն այլ է. ոչ ոք իրենց չի տվել մանդատ երկիրը տանելու նոր պարտության»:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը նաեւ ասաց, որ իշխանությունը ունի միտում պառակտելու Սփյուռքը: Ըստ նրա՝ իշխանությունները ամեն ինչ անում են՝ Սփյուռքը պառակտելու համար, բայց այս իշխանությունների առաջացրած խոչընդոտները որեւէ հաջողություն չեն ունենա: Հաջորդ քայլը, ըստ Հակոբ Տեր-Խաչատուրյանի, պայքարն է հանուն Արցախի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացման հստակ ձեռնարկների կանխարգելումն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031