Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայց նախկինները ձեր պատկերացրած ձեւով չեն գալու, ո՛չ Սերժ Սարգսյանն է դառնալու երկրի նախագահ, ո՛չ՝ Ռոբերտ Քոչարյանը». Արմինե Ադիբեկյան

Մայիս 09,2022 16:07

«Ոստիկանները, որոնք ուղեկցում են մեզ երթերի ժամանակ, բավականին բարեհամբույր են, մեզ պաշտպանում են ագրեսիայի դրսեւորումներ ունեցող քաղաքացիներից: Այսինքն՝ մեր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է եղել»,-ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը: Այսօր նա «Հայելի» ակումբում ներկայացրեց՝ հանուն ինչի է իրենց պայքարը. «Մենք կարող էինք ասել, որ մեր պայքարը գնաճի դեմ է, թոշակների ավելացման համար է, այսինքն՝ այնպիսի պահանջներ ներկայացնենք, որ մարդ ներգրավենք, որովհետև այդ լոզունգների ներքո մեր շարքերը կեռապատկվեն: Բայց դա կլիներ խաբեություն, որովհետեւ մեր պայքարի բուն իմաստը մեր անվտանգության, գոյատեւման խնդիրներն են, ներքին դավաճանների դեմ է, որոնք հանցավոր համաձայնության մեջ են մտել մեր արտաքին թշնամիների հետ: Սա արժանապատվության պայքար է»:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց սոցիալական թեմաներից եւ բերեց ողջ ժողովրդին այն կետին, որտեղ հիմա գտնվում ենք. «Նա խաբել է իր ընտրազանգվածին, հիմա մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կտրուկ նվազել են, բայց մարդիկ վախենում, զգուշանում են միանալ մեր շարժմանը»:

Արմինե Ադիբեկյանի խոսքով, շատերը մի քանի պատճառներով չեն միանում ընդդիմադիրների շարժմանը: Ասաց, որ կան քաղաքացիներ չեն վստահում նախկին իշխանություններին ու նրանց նախաձեռնած շարժմանը, կան մարդիկ, որոնք վախենում են եւս մեկ անգամ սխալ ընտրություն կատարել. «Բայց կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի տակից այդ հենքը դուրս է եկել՝ անգամ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը նա չունի այդ հենքը»:

Ըստ նրա, իշխանությունները, օգտագործում են ռազմագերիների հարցը եւ նրանց հարազատներին օգտագործում են ընդդեմ այս շարժման. «Այդ մարդիկ պատանդ են սրանց ձեռքում, վախենում են ինչ-որ քայլ անել, որպեսզի չվնասեն գերության մեջ գտնվող իրենց երեխաներին, հարազատներին»:

Նա դիմելով ռազմագերիների հարազատներին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի «ապիկար պաշտոնավարման» պատճառով են այդ տղաները գերի ընկել: Նա ասաց, որ այս իշխանությունները երբեւէ չեն ցանկանալու վերադարձնել գերիներին եւ ամեն առիթով կօգտագործեն գերիների հարազատներին՝ ցուցարարների ճանապարհը փակելու, ցույցերը խոչընդոտելու եւ այլն:

Ինչ վերաբերում է «թալանի» թեմային, որը պարբերաբար շրջանառում են իշխանական շրջանակները, Արմինե Ադիբեկյանն ասաց՝ դուք ունեցել եք 4 տարի գոնե մեկ քրեական գործ հարուցելու եւ դատարան դիմելու, բայց ոչ մի դատավճիռ չկա:

Ըստ նրա, մարդկանց մի լուրջ զանգված վախենում է նախկինների վերադարձից. «Բայց նախկինները ձեր պատկերացրած ձեւով չեն գալու, ո՛չ Սերժ Սարգսյանն է դառնալու երկրի նախագահ, ո՛չ՝ Ռոբերտ Քոչարյանը, նրանք նման ամբիցիա արդեն չունեն»:

Ադրբեջանագետի կարծիքով, շարժման կազմակերպիչները պետք է տան մի առաջնորդի անուն, որը ոչ մի կերպ չի նույնականացվում նախկինների հետ, բայց նրա անձը պետք է համաձայնեցված լինի նախկինների հետ, որոնք պետք է ասեն, որ իրենց բոլոր ռեսուրսները տրամադրելու են՝ երկիրը ոտքի կանգնեցնելու համար:

Արմինե Ադիբեկյանի խոսքով, այս իշխանությունը պետք է գնա, որպեսզի կարողանանք վերադարձնենք մեր արժանապատվությունը եւ հետ բերենք կորցրածը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031