Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սեղանի շուրջ պետք է նստեն որպես Հայաստանի նախկին ղեկավարներ՝ նախկին ղեկավարներից մեկն էլ հենց Տեր-Պետրոսյանն է»

Մայիս 09,2022 15:50

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում նշեց, որ կարող է պատահել, որ մեր այսօրվա խնդիրների մեծամասնությունը ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանի հետեւանքն են: «Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահանջն ի՞նչն էր: Այն, որ իր ղեկավարած անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը դեմ էր իր հետագա կայացնելիք որոշումներին: Դրա համար ինքը ստիպված եղավ հրաժարական տալ: Իսկ հիմա ինքը եկել է իշխանության: Նիկոլ Փաշինյանին վիրավորելով, «ազգակործան պատուհաս» ասելով՝ նա նաեւ հնարավորություն է տվել, որպեսզի իշխանության բոլոր թեւերում այսօր առանցքային պաշտոններ զբաղեցնեն Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները: Այդպես նա ցույց է տվել իշխանության վերադառնալու իր մշտական հավակնությունները: 2008 թվականին իշխանության վերադառնալու հավակնությունները իրականացրին 2018 թվականին: Այսինքն, մենք հնարավորություն ունեցանք տասը տարի ավել պետականություն ունենալ»,-ասաց նա:

Անդրադառնալով օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հանրահայտ կոչին՝ Էդգար Ղազարյանը նկատեց. «Նա ասում է՝ ես կոչ եմ անում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը նստեն նույն սեղանի շուրջ եւ քննարկեն: Նախ, ես չեմ հասկանում, թե ինչի պետք է Նիկոլ Փաշինյանը նստի սեղանի շուրջ: Եթե նա մեկնաբանվում է որպես Հայաստանի գործող ղեկավար՝ այդ դեպքում այդ սեղանի շուրջ պետք է նստեն նաեւ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Հաջորդը. ինչո՞ւ սեղանի շուրջ պետք է նստեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Եթե որպես նախկին ղեկավարներ, այդ դեպքում Հայաստանի նախկին ղեկավարներից մեկն էլ հենց Տեր-Պետրոսյանն է: Եթե նրանք նստեն սեղանի շուրջ, դու էլ պետք է նստես: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղորդում է, որպեսզի նրանք ինչ-որ գործողություններ անեն: Իսկ դո՞ւ ինչ պետք է անես: Դու պատասխանատվության զգացում չունե՞ս այս պետության, այս իրավիճակի, մեր պետության ապագայի համար: Ես կարծում եմ, որ սա անազնիվ մոտեցում է, որին չարժե անդրադառնալ:

Ավելին, սա իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում: Նա ի՞նչ է ասում իր այդ ուղերձում, ո՞րն է ամենավտանգավոր թեզը: Ասում է. Նիկոլ Փաշինյանի տապալում եթե լինի, ով էլ գա իշխանության, միեւնույն է, նրան պարտադրելու են բոլոր այն լուծումները, որոնք պետք է իրականացնի Նիկոլ Փաշինյանը, եթե մնա: Բայց իրականում դա այդպես չէ: Ինքն ի՞նչ էր ասում իր հրաժարականից առաջ: Ասում էր՝ այնպիսի օբյեկտիվ իրավիճակ է, որ միեւնույն է, շուտ-ուշ գնալու եք այդ լուծումներին: Սակայն կյանքը ցույց տվեց, որ նա հեռացվեց իշխանությունից, Հայաստանում 20 տարի ստեղծվեց սկզբունքորեն այլ իրավիճակ: Մենք աստիճանաբար արդեն մոտենում էինք Լեռնային Ղարաբաղի խնդրի հայանպաստ լուծման, Իլհամ Ալիեւն է դժգոհում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, նրանց գործունեությունից: Ընդհուպ, խոստովանում էր, որ փակ դռների հետեւում բոլորը պահանջում են, որ ինքը ճանաչի Արցախի անկախությունը, Արցախը դե ֆակտո անկախ էր, անվտանգ էր, ազատագրված տարածքները շարունակում էին մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո եւ ոչ մի միջազգային էական ճնշում չկար դրանք Ադրբեջանին առանց փոխզիջումային որեւէ տարբերակի հանձնելու մասին: Արցախը շենանում, զարգանում էր,Հայաստանը զարգանում էր, անդամակցում էր միջազգային բազմաթիվ կազմակերպությունների, Հայաստանի միջազգային վարկանիշը բարձրանում էր, մինչեւ իշխանության եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, որը տապալեց մեր պետության բոլոր ձեռքբերումները»,-ասաց Էդգար Ղազարյանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031