Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Այսօր երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրն է։ Հաղթանակ, որի կրողն է նաև հայ ազգը, այդ պատերազմում ապացուցելով և հայրենասիրությունը և ռազմական արվեստում իր արհեստավարժությունը։
Այսօր նաև Շուշիի ազատագրման օրն է։ Այն Շուշիի, որն այսօր կրկին հայտնվել է թշնամու լծի տակ։
Անկախության երեսուն տարին ապրեցինք երազելով։ Պատերազմի դաշտում ազգային լիակատար անկախության նվաճումը մեզ տոգորել էր անպատասխանատու ինքնավստահությամբ, ինչի արդյունքում մենք կորցրեցինք իրականության զգացողությունը։
Կարդացեք նաև
Եվ այժմ, երբ կորցրել ենք Արցախի մեծ մասը և հայտնվել ենք թշնամու կողմից պարբերաբար հնչեցվող զավթողական սպառնալիքների տակ՝ մի՞թե շարունակելու ենք նույն ոգով։
Անխոս, պարտված իշխանությունները պետք է օր առաջ հեռանան, իսկ ապագա իշխանություններն այլևս երբեք իրավունք չունեն` նախկինում գործած սխալները կրկնելու։
Ցանկացած մարդ ով իրեն ՀԱՅ է համարում, պետք է վերջապես գիտակցի, որ գոյություն ունեցող խնդիրները յուրաքանչյուրինս են և դրանց դեմ պետք է պայքարել միասնաբար։
Մեր ժողովուրդը, իր հազարամյա պատմության ընթացքում, առավել քան 1600 տարի ապրել է տարբեր կայսրությունների լծի տակ։ Մեր պատմությունից մեզ հայտնի է մի պարզ ճշմարտություն․ պատմության ո՛ր ժամանակահատվածում էլ մենք պառակտվել ենք, համագործակցելու փոխարեն նենգ մրցակցել ենք միմյանց դեմ, միշտ պարտվել ենք՝ հալածվել ու թալանվել։
Վերջին պատերազմն այն դասն էր, որ թվում է վաղուց պետք է յուրացրած լինեինք՝ մեզ ոչ ոք լիարժեք չի պաշտպանի հնարավոր հաջորդ ցեղասպանությունից, եթե մենք ինքներս մեր հույսը չդնենք Աստծու և սեփական ուժերի վրա։
Պետք է վերջապես հասկանալ, որ աշխարհը մեզ չի օգնի, եթե մենք ունակ չենք ինքնապաշտպանվելու․ նրանք ո՛չ կլսեն, ո՛չ կտեսնեն, ո՛չ էլ կօգնեն մեզ: Շնորհավոր մայիսի 9-ի եռատոնը։
Այս օրը հաղթանակների օր է։
Զարթոնք լինելու է։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին