7-ամյա ընդմիջումից հետո հանրահայտ ջութակահար, GRAMMY-ի մրցանակակիր Ջոշուա Բելլը Հայաստանում է: Նա իր բարձր կատարողական արվեստի եւ բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երեւույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում:
Մայիսի 8-ին լեգենդար ջութակահարը հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Իսկ համերգի ծրագրում Բեթհովենի Ջութակի կոնցերտն էր ու 3-րդ սիմֆոնիան:
Ջոշուա Բելլն առաջին անգամ Հայաստան էր եկել 2015թ՝ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում: Վիրտուոզ երաժիշտը ասուլիսում չէր մոռացել նշել, որ որպես երաժիշտ իր կայացման գործում մեծ է հայազգի ուսուցիչների, այդ թվում՝ Իվան Ղալամյանի դերակատարությունը:
Կարդացեք նաև
Համերգը՝ պատրաստված ունկնդրի մասնակցությամբ, փայլուն անցավ, շուրջ 10 րոպե երաժիշտը հոտնկայս ծափահարությունների ներքո գլուխ էր խոնարհում հանդիսատեսին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւս՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ միասին, մնաց իր բարձրության վրա:
Հավելենք, որ Ջոշուա Բելլը ձայնագրել է ավելի քան 40 ալբոմ, բացի GRAMMY-ից, ի թիվս այլնի, նա արժանացել է MERCURY, GRAMOPHONE եւ OPUSS KLASSIK հեղինակավոր մրցանակների: 2007-ին Washington Post-ը հրապարակել է Ջոշուա Բելլի՝ մետրոյում ծպտված նվագելու մասին հոդվածը, որն արժանացել էր Փուլիցերյան մրցանակի: Իսկ Քեթի Սթինսոնի «Ջութակով մարդը» մանկական գրքի հիման վրա, որ նույնպես այդ թեմայով էր, նկարահանվել էր անիմացիոն ֆիլմ:
Նշենք, որ Ջոշուա Բելլը նվագում է 1713թ Ստրադիվարիուս-Հուբերման ջութակով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ