Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ հարց պետք է տանք՝ ինչը մենք պետք է փոխենք մեր կյանքում, մեր մտածելակերպում ու վարքում, որպեսզի նորից դառնանք ուժեղ՝ անհատապես, և հզոր՝ որպես երկիր և հասարակություն. մեր երազանքի Շուշին. Ավետիք Չալաբյան

Մայիս 09,2022 13:04

Մեր երազանքի Շուշին

30 տարի առաջ այս օրը, Ստեփանակերտում փաստացի շրջափակման մեջ գտնվող Արցախի հայկական զինված ուժերը, հրաշալի մշակված և փառահեղ իրականացված մարտական օպերացիայի արդյունքում, ազատագրեցին բերդաքաղաք Շուշին, և ճանապարհ բացեցին մայր հայրենիքի հետ Արցախի վերամիավորման համար:

Ով գեթ մեկ անգամ եղել է Շուշիում, գիտի, որ դա հասարակ քաղաք չի: Շուշին անմատչելի բնական ամրոց է, որը փաստացի վերահսկում է Արցախի զգալի մասը, և որի նկատմամբ վերահսկողությունը ողջ Արցախին տիրելու բանալին է։ Շուշվա համար մինչ այդ էլ բազմաթիվ արյունալի մարտեր են մղվել, և նրա ամեն քարը շաղախված է արյամբ՝ թե մեր, և թե մեր դարավոր թշնամիների։ 1992 թ մայիսին, Շուշվա ազատագրումը միակ հնարավորությունն էր՝ փրկել հայկական Արցախը ոչնչացումից, և մեր հերոս մարտիկները, իրենց անհավանական սխրանքով, այդ հնարավորությունը իրականություն դարձրին:

Անցած տարիների ընթացքում, Շուշիի նկատմամբ վերահսկողությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի նկատմամբ գերիշխանության բանալին էր դարձել: Քանի մենք էինք տիրապետում Շուշիին, մերն էր ողջ Արցախը մինչև Արաքս գետի հովիտը, անվտանգ էր Սյունիքը, և մենք էինք իրավիճակ թելադրողը: Թշնամուն Շուշին 2020 թ. անփառունակ հանձնելուց հետո, մենք դերերով փոխվել ենք՝ հիմա իրենք են թելադրող, մենք՝ խեղճացած ու վտանգված, հայացքներս գերտերություններին ուղղված, նոր կորուստների վախով ամեն օր ապրող, ապագայի նկատմամբ անվստահ:

Թե՛ այսօր, և թե՛ ապագայում Շուշիի նկատմամբ վերահսկողությունը մեր ինքնիշխանության, մեր անվտանգության, մեր ազգային ինքնության առանցքային չափորոշիչն է լինելու: Կառողջանանք մենք որպես հասարակություն և կհզորանանք որպես պետություն՝ հետ կվերադարձնենք Շուշին, նորից անվտանգ կդարձնենք մեր արևելյան սահմանները, կերաշխավորենք մեր պետության ինքնիշխանությունը և անխաթար զարգացումը։ Կշարունակենք թշնամու պարտադրանքով «խաղաղության դարաշրջան» բացել՝ Շուշիի ետևից կկորցնենք Ստեփանակերտը, Գորիսն ու Կապանը, և դրա հետ էլ՝ Աստծո կողմից մեզ պարգևած հայրենիքում արժանապատիվ ապրելու հեռանկարն առհավետ։

Շուշին երկնային արծիվների բերդ է, անմատչելի իր բնական ամրությամբ, և իրական տիրոջ ձեռքում՝ անառիկ ամրոց։ Թե անցյալում, թե այսօր, և թե ապագայում, Շուշին պատկանելու է նրան, ով գերազանցում է դիմացինին իր ոգու ամրությամբ, իր մտքի սրությամբ, իր սրտի մաքրությամբ, ով արի է և անդավաճան։ 30 տարի առաջ, մեր հերոսների սերունդը իր ոգով, մտքով և սրտով գերազանցեց թշնամուն և ազատագրեց Շուշին, փառքով պսակելով իր ճակատը, և մեզ թողնելով անգին ժառանգություն։

Եթե այսօր Շուշին անցել է թշնամուն, մենք պատճառները հենց մեր մեջ պետք է որոնենք՝ յուրաքանչյուրս մեր ոգու, մտքի, և սրտի թուլության, և յուրաքանչյուրս մեզ հարց պետք է տանք՝ ինչը մենք պետք է փոխենք մեր կյանքում, մեր մտածելակերպում ու վարքում, որպեսզի նորից դառնանք ուժեղ՝ անհատապես, և հզոր՝ որպես երկիր և հասարակություն, և նորից արժանի դառնանք տիրելու մեր հավաքական երազանքների խորհրդանիշ Շուշիին։

Մինչ այդ, այսօր մեր խոնարհումը բերենք այն քաջերի սերնդին, ովքեր 30 տարի առաջ, մահվանը հաղթելով, ազատագրեցին Շուշին, մեզ բոլորիս պարգևելով այդ երազանքի իրականացումը և հաղթանակած ազգ լինելու անգնահատելի բերկրանքը: Իրենցից շատերն էլ այսօր մեր կողքին են, և այսօր ես ցանկանում եմ ջերմորեն և սրտանց շնորհավորել իմ ավագ ընկերներին այս փառավոր տարեդարձի կապակցությամբ: Ձեր սխրանքը մեր սրտում է, դրանով դաստիարակվելու են նոր սերունդներ, և նորից իրականություն են դարձնելու Շուշին ազատ տեսնելու մեր նվիրական երազանքը!

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031