Դեռ չէր լրացել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում աշխատանքի անցնելուս երկրորդ տարին, երբ վարչության պետի կողմից անակնկալ հանձնարարություն ստացա օպերատիվ խմբի հետ անհապաղ մեկնել Ստեփանակերտ: Տեղի էր ունեցել առանձնապես ծանր հանցագործություն և հանրապետության ղեկավարության կողմից որոշում էր կայացվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի մեր գործընկերներին հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքը բացահայտելու համար:
Ստեփանակերտը լարված, նույնիսկ կաթվածահար վիճակում էր: Ընդամենը երկու-երեք օրով նախատեսված գործուղումս փաստացի տևեց մոտ մեկուկես ամիս: Չնայած գերծանրաբեռնվածությանս՝ հասցրեցի ավելի լավ ծանոթանալ քաղաքին և, իհարկե, շփվել արցախցիների հետ: Ուղղակի զարմացած էի, թե նույնիսկ այդ օրերին ինչքան մաքուր, բարեկարգ վիճակում էր Ստեփանակերտը՝ կարծես երբեք պատերազմ տեղի չէր ունեցել։ Ակնհայտ էր, որ մարդիկ սիրում և հպարտանում էին իրենց մայրաքաղաքով:
Արցախցի գործընկերներս, հաշվի առնելով երիտասարդ տարիքս և ծառայության բերումով Ստեփանակերտում գտնվելուս փաստը, ամեն կերպ փորձում էին իրենց ուշադրության կենտրոնում պահել ինձ, թեթևացնել կենցաղային խնդիրներս, ստեղծել անմիջական ու ընկերական միջավայր, որպեսզի չզգամ ինձ օտարության մեջ: Արցախցիներն իսկապես անմիջական, շփվող, հաստատակամ և ուժեղ մարդիկ են:
Գործուղմանս վերջին օրը, երբ Ստեփանակերտում վիճակն արդեն կայունացել էր, գործընկերներիս հրավերով եղա նաև Շուշիում: Զարմացած էի այդ քաղաքի աշխարհագրական անառիկ դիրքով։ Ադրբեջանցիներից այն գրավելն իսկապես հերոսության արդյունք էր:
Կարդացեք նաև
Շուշիից Ստեփանակերտը երևում էր կարծես ափի մեջ: Իսկապես մեծ է այդ քաղաքի ստրատեգիական նշանակությունը: Նույնիսկ այդ ժամանակ այն «դժգույն և դժբախտ» քաղաքի տպավորություն չթողեց ինձ վրա՝ գնահատական, որ կատարյալ անմտություն է: Ակնհայտ էր, որ քաղաքում լուրջ մարտեր էին մղվել, արյան գնով էր վերադարձվել, և դրա հետևանքները առկա էին նույնիսկ այդ ժամանակ: Քաղաքը վերականգնվել ու վերականգնվում էր, բնակվում էին մարդիկ, ովքեր հետևողականորեն և մեծ ջանասիրությամբ շենացնում էին այն։ Նրանք ապրում էին իրենց քաղաքում, մեր հաղթանակների խորհրդանիշ Շուշիում:
Շուշին հիմա մերը չէ, ժամանակ է պետք իրավիճակը ճիշտ գնահատելու և շտկելու համար։
Ես չեմ հավատում, որ արցախցիները կարող են համակերպվել անկախության կորստի մտքի հետ։
Ես հավատում եմ արցախցիների գենետիկ ազատատենչությանը:
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, գնդապետ