Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին Արգիշտի Քյարամյանը հստակ բան չասաց

Մայիս 09,2022 11:47

«Չնայած որ Շուշին այս պահին օկուպացված է, մենք, այնուամենայնիվ, նշում ենք Եռատոնը, որովհետեւ պատմական իրողությունները, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել՝ դրանք մեզ համար տոներ են, այդ թվում նաեւ Շուշիի ազատագրումը: Դա արել է հայ ժողովուրդը, հայկական բանակը»,- այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ինքը վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ միջազգային հանրությունը ճնշում է, որպեսզի Արցախի կարգավիճակի նշաձողը Հայաստանն իջեցնի: Լրագրողները հիշեցրին նաեւ Նիկոլ Փաշինյանի այն բնորոշումը, որ Շուշին դժգույն քաղաք է: Արգիշտի Քյարամյանը պատասխանեց. «Ես պետք է խնդրեմ, որ Քննչական կոմիտեի գործունեության հետ կապված ինձ հարցեր տաք, իսկ ձեր նշած բոլոր հարցերին քաղաքական ղեկավարությունը հստակ պատասխանել է: Ես նաեւ պետք է խնդրեմ, որ մանիպուլյատիվ բնույթի հարցադրումներ՝ կապված մեր հայրենիքի, մեր Արցախի հետ, չհնչեցնել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու զոհվածների ծնողների պահանջներից: «Այդ գործը կարճ ժամանակ առաջ դատախազության մոտեցմամբ տեղափոխվել է քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ, այժմ զինվորական քննչական վարչությունում ծանոթանում են գործին: Պետք է ծանոթանանք, ըստ այդմ, գործի քննությունը կընթանա: Այս պահին գործի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ նոր ենք վարույթ ընդունել եւ դեռ ծանոթացման փուլում է գտնվում գործը»,- պատասխանեց Արգիշտի Քյարամյանը:

Հարցին՝ «կարող էինք կանխել պատերազմը, կունենայինք այս վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտության համար կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործ հարուցել ու իրեն կանչել հարցաքննության, ինչպես պահանջում են զոհվածների ծնողները՝ ՔԿ ղեկավարը պատասխանեց. «Գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի: Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն բոլոր պարզաբանման ենթակա հանգամանքները: Այս պահին ավել բան չեմ կարող ասել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031