Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակելո՛ւ ենք պայքարել՝ հայ ժողովրդի լինելիության իրավունքը, իր պատմական Հայրենիքում ապրելու կամքը պաշտպանելու, արդարությունը վերականգնելու համար. Սեյրան Օհանյան

Մայիս 09,2022 10:35

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ,

Արցախյան ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ, երկրապահնե՛ր,

Հայկական բանակի զինվորնե՛ր, սպանե՛ր

Այսօր Հաղթանակի օրն է, ու թեև մեզանից խլել են մայիսյան Եռատոնը՝ մեզ զրկելով Շուշիի փառահեղ ազատագրումը Շուշիում տոնելու իրավունքից, Արցախի պաշտպանության բանակը՝ հաղթանակած լինելու փառքից և ուժից, մենք ապրում ենք այն գիտակցումով, որ երկրապա՛հ է մեզանից յուրաքանչյուրը։ Եվ շարունակելո՛ւ ենք պայքարել՝ հայ ժողովրդի լինելիության իրավունքը, իր պատմական Հայրենիքում ապրելու կամքը պաշտպանելու, արդարությունը վերականգնելու համար։

Աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային բարդ, արյունալի վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը պետք է նորից վերականգնի իր արժանապատիվ կեցվածքը և ցույց տա աշխարհին, որ իր դեմքը պարտված իշխանությունը չէ, այլ այն ազնիվ, ազգանվեր, խրոխտ սերունդը, որ դուրս է եկել պայքարի և պատրաստ է ոչ միայն կյանքը նվիրել, այլ նորից հաղթել, ապրել ու արարել հանուն հավերժական Հայաստանի։

Այսօր բեկումնային է պահը, և եթե ուզում ենք նորից փրկել Արցախն ու պետություն ունենալ, օր առաջ պիտի համախմբվել՝ ընդունելով այն իրողությունը, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում, Հանրապետության մարզերում Դիմադրության շարժմանը միացած մեր հազարավոր հայրենակիցներ, ըստ էության, պայքարում են ոչ միայն Հայաստանի իշխանությունը զավթած քաղաքական միավորի դեմ, ով իր հակապետական գործողություններով անհերքելիորեն սպասարկել է թշնամու շահերը, այլ այն ուժերի, որոնք իրականում հովանավորում են նրանց՝ Արցախը, Հայաստանը վերջնականապես պառակտելու, ոչնչացնելու նպատակով։

Արցախյան առաջին պատերազմում մեր միասնությունն էր մեր ուժը, և ժողովրդի գիտակցության մեջ խրված չէր այն պառակտիչ, վտանգավոր սեպը՝ ով է Արցախից, ով՝ Հայաստանից․ Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից հազարավոր կամավորականներ մեկնում էին Արցախ՝ այն իրավամբ իրենց Հայրենիքը համարելով, իսկ Արցախից ջոկատներ էին գալիս Գյումրի՝ երկրաշարժի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար։

Ես այսօր հպարտություն եմ ապրում այդ մաքառումը հիշելիս և խորին երախտագիտություն հայտնում մեր հաղթանակները կերտած սերունդներին՝ Հայրենական, Արցախյան պատերազմների վետերաններին, Արցախի պաշտպանության բանակի պատվախնդիր զինծառայողներին, ովքեր հիրավի հերոսական ծառայություն են իրականացրել՝ քառորդ դարից ավելի անառիկ պահելով Արցախի սահմանները, երկրապահներին, կամավորականներին, բոլոր այն մարդկանց, որոնց համար անսակարկելի արժեք է Հայրենիքը։

Հավերժ խոնարհում այն հերոսների սխրանքի առջև, ովքեր իրենց կյանքն են տվել Շուշին, Արցախը ազատագրելու, Հայաստանը պաշտպանելու համար՝ հաղթողի հպարտություն, արժանապատվություն նվիրելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին։ Նրանց հավերժ փառք ու պատիվ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031