Ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի՝ այս օրերին փողոցում ոստիկանության կողմից իրականացվող գործողությունները համեմատելի չեն տարիներ առաջ կատարվածին: Նրա համոզմամբ՝ այդ գործողությունների առանձին փայլատակումներ արդեն իսկ փողոցում երեւում են:
«Բարեփոխումներ իրականում չեմ տեսնում»,- «Առավոտի» հարցին՝ արդյոք տեսնո՞ւմ եք, այսպես կոչված, բարեփոխված ոստիկանության բարեփոխումների արդյունքները փողոցում՝ վերջին օրերին, երբ ոստիկանները բռնություններ են գործադրում քաղաքացիների, լրագրողների նկատմամբ, համատարած բերման ենթարկում, այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը:
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը եւ իրավապաշտպան կազմակերպությունները բողոքի գործողությունների մասնակից քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բազմաթիվ խախտումներ են արձանագրել: Անգամ գրանցվել են անչափահաս անձանց բերման ենթարկելու դեպքեր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նշել էր, որ իրենք արդեն 30 տարբեր դրվագներով երեք հաղորդում ուղարկել են գլխավոր դատախազություն, որոնք արձանագրված են առնվազն տեսանելի նյութերով:
Նինա Կարապետյանցի կարծիքով՝ այն, որ այսպես կոչված՝ բարեփոխված ոստիկանության բարեփոխումները տեսանելի չեն, ունի խորը հիմքեր: Նա պարզաբանեց. «Դա ավելի խորքային խնդիր է եւ այսօրվա փողոցի իրադարձությունների հետ կապ չունի: Իմ պահանջն ու դժգոհությունը շատ ավելի լայն հիմքեր ունի, այլ իրադարձությունների հետ է նաեւ կապված»:
Կարդացեք նաև
Ըստ Նինա Կարապետյանցի՝ այս օրերին փողոցում ոստիկանության կողմից իրականացվող գործողությունները համեմատելի չեն տարիներ առաջ կատարվածին. «Այն գործողությունները, որ այսօր տեսնում ենք փողոցում, համեմատելի չեն այն բռնությունների հետ, որոնք տեսել ենք տարիներ շարունակ: Դա էլ է ակնհայտ: Դա ոչ թե ոստիկանության բարեփոխումների արդյունք է, այլ այս պահի դրությամբ հրահանգի բացակայության: Հրահանգ որ պահին լինի, դրան հետեւելու ու կատարվելու են նույն գործողությունները, որոնք տեսել ենք մարտի 1-ից մինչեւ Սարի թաղ, էլեկտրիկ Երեւանից մինչեւ ընդդիմադիր ուժերի ցույցեր: Մենք դրանք կտեսնենք: Այդ գործողությունների առանձին փայլատակումներ արդեն իսկ փողոցում երեւում են: Այս պահին ուղղակի այդ հրահանգը չկա, իսկ խորքային բարեփոխումների մասին անիմաստ է խոսելը, քանի որ գոյություն չունեցող երեւույթի մասին խոսելն անիմաստ է»:
Վերջին օրերին քննադատությունների թիրախում էր հայտնվել նաեւ ՀՀ Մարդու իրավունքների (ՄԻՊ) պաշտպանը: Հարցին՝ իսկ ինչպե՞ս կգնահատեք նրա եւ այդ կառույցի աշխատանքը, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Այնքանով, որքանով հասցրել եմ հետեւել, բավականին մեծ աշխատանք են անում: Առնվազն այս պահի դրությամբ կարելի է ասել, ՄԻՊ-ին ուղղված գնահատականները՝ միջանկյալ զեկույցի տեսքով, համապատասխանում են իրականությանը եւ այդ գնահատականները համարժեքության մեջ են: Արտառոց ոչ մի տարբերություն, իրականությունից կտրված իրավիճակներ չկան»:
Հիշեցնենք՝ ՄԻՊ-ին շատ են քննադատում ֆեյք օգտատեր Ռեգինա Պրազյանի գրառմանը հրապարակային արձագանքելու համար: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ եք որոշել պատասխանել այդ ֆեյքի գրառմանը, ՄԻՊ աշխատակազմի Հանրային կապերի բաժնի պետ Էդգար Այվազյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքում է ոչ թե օգտատերերին, այլ դեպքերին: Կարեւորել ենք ոչ թե օգտատերին նույնականացնել ու ըստ այդմ՝ արձագանքի նպատակահարմարությունը որոշելու մոտեցմամբ շարժվել, այլ հաղորդման տեղեկատվության փաստական հանգամանքների հաշվառմամբ դեպքին արձագանքելու մոտեցումը կիրառել մեր ուղիղ գործառույթով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2022