Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Այս տարվա հունվար-մարտին ՌԴ-ից ՀՀ 108 976 զբոսաշրջիկ է այցելել

Մայիս 09,2022 12:30

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների գերակշռող մասը Ռուսաստանի Դաշնությունից են։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-մարտին՝ ըստ քաղաքացիության երկրի 108 976 զբոսաշրջիկ է այցելել ՀՀ, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.6 անգամ։ Նկատենք, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում ՌԴ-ից ՀՀ է այցելել 30 213 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկների ընդհանուր թվի մեջ ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը 43.7% է։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համաձայն, միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս՝ քան 24 ժամ եւ ոչ ավելի՝ քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղեւորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Այս տարվա առաջին երեք ամիսներին, վիճակագրական կոմիտեի տվյալներով, ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 249 361, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 86 524։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ է այցելել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 3 զբոսաշրջիկ, նախորդ տարի եւ 2019-2020 թվականին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկի այցելություն մեր երկիր չի եղել։ Ընդ որում, 2018-ին եւ դրանից առաջ էլ մեր երկիր այցելած զբոսաշրջիկների քաղաքացիության երկիր Վիճակագրական կոմիտեն նշել է՝ ԱՊՀ երկրները, որից Ուկրաինա եւ ՌԴ, ԱՊՀ այլ երկրներ։ Ուստի այս աղբյուրից պարզ չէ՝ արդյոք նախկինում էլ Ադրբեջանից քաղաքացիություն ունեցող անձինք որպես զբոսաշրջիկ այցելել են Հայաստան։ Կարելի է ենթադրություն անել, թե ովքեր են ադրբեջանցի զբոսաշրջիկները. հավանաբար նրանցից 2-ը փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի ունեցած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին մասնակցած ադրբեջանցի պատգամավորներն են։

Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 1 244 զբոսաշրջիկ է այցելել հունվար-մարտին, իսկ նախորդ տարվա նույն ժամանակհատվածում՝ 356 զբոսաշրջիկ։ Թուրքիայից ՀՀ այլ տարիներին էլ են զբոսաշրջիկներ այցելել մեր երկիր։ Օրինակ՝ 2017 թվականի հունվար-մարտին ընդհանուր 298 533 զբոսաշրջիկներից 0.3%-ը Թուրքիայից էր։

Այս տարվա առաջին եռամսյակում մի շարք երկրներից մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվն ակնհայտորեն աճել է, օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 23 291, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9 394 զբոսաշրջիկ, Վրաստանից այս տարվա առաջին եռամսյակում՝ 24 158 զբոսաշրջիկ, նախորդ տարվա ժամանակահատվածում՝ 8 911։

Զբոսաշրջիկների այցելության քանակով հաջորդ երկրներն են՝ Գերմանիան, Հնդկաստանը, Ղազախստանը, ԱՄՆ-ն, Նիդերլանդները, Ֆրանսիան, Ֆիլիպինները, այս երկրներից էլ այցելություններն այս տարվա առաջին երեք ամիսներին աճել են։ Օրինակ՝ 2022-ի առաջին եռամսյակում Գերմանիայից ՀՀ այցելել է 2 179 զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 578, Հնդկաստանից այս տարի՝ 2 207 զբոսաշրջիկ, նախորդ տարի՝ 102, ԱՄՆ-ից այս տարվա առաջին եռամսյակում՝ 3 917, նախորդ տարի՝ 2 094, Ֆրանսիայից այս տարի՝ 2 382, նախորդ տարի՝ 1185, Ղազախստանից այս տարի՝ 1 831 զբոսաշրջիկ, անցյալ տարի՝ 275, Նիդերլանդներից 2022-ի առաջին եռամսյակում՝ 1 113, նախորդ տարի՝ 475։ Ֆիլիպիններից այցելությունները գրեթե 100 անգամ ավելացել են, այս տարվա առաջին եռամսյակում այդ երկրի քաղաքացիություն ունեցող 2 036 զբոսաշրջիկ է այցելել, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 22։ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների մեր երկիր այցելությունն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 1 283, նախորդ տարի՝ 349։ Բելգիայից ՀՀ է այցելել 905 զբոսաշրջիկ, իսկ անցյալ տարի կրկին նույն՝ դիտարկվող ժամանակահատվածում 361 զբոսաշրջիկ, Միացյալ Թագավորությունից՝ 802՝ այս տարի, նախորդ տարի ՝ 227։ Այլ երկրներից էլ կան զբոսաշրջիկների այցելություններ, սակայն քանակն ավելի քիչ է, քան օրինակ ՄԹ-ից այցելությունները։

Նշենք, որ զբոսաշրջիկների ընդհանուր 249 361 թվում, ինչպես ներկայացված է Վիճակագրական կոմիտեի հրապարակման մեջ, 56 519-ը Հայաստանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկներ են։ Սա այս տարվա առաջին եռամսյակի տվյալներն են, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիությամբ 26 633 զբոսաշրջիկ է այցելել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031