Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադե տորթ՝ առանց ալյուրի՝ ֆրանսիական խոհանոցից (տեսանյութ)

Մայիս 08,2022 21:28

Այս շոկոլադե տորթը գուցե թե ամենագեղեցիկը չէ, սակայն այնքան համեղ է եւ այնքան հեշտ է պատրաստվում՝ ընդամենը 5 բաղադրիչով, որ ձեզ մոռացնել կտա մյուս բոլոր շոկոլադե տորթերին: Եվ գլխավորը՝ ոչ մի գրամ ալյուր չի պարունակում, այնպես որ գլյուտենի հետ խնդիրներ ունեցողները կամ պարզապես ալյուրից խուսափողները նույնպես կարող են պատրաստել եւ վայելել այս հրաշքը:

Անհրաժեշտ մթերքները

Շոկոլադե սալիկ (ցանկալի է վերցնել դառը՝ 60-80 տոկոսանոց շոկոլադ)- 200 գրամ

Կարագ-200 գրամ

Հավկիթ-4 հատ

Շաքարավազ-3/4 բաժակ (120-150 գրամ)

Թունդ սեւ սուրճ (ցանկալի է էսպրեսո կամ այլ թունդ սուրճ, կարող եք վերցնել մեր հայկական սուրճը, բայց անպայման՝ առանց նստվածքի)- 100 մլ, սուրճի բաժակով

Պատրաստման եղանակը

Սկզբում շոկոլադը հալեցրեք ջրային բաղնիքի վրա կամ միկրոալիքային վառարանի մեջ: Ապա կտոր-կտոր ավելացրեք սենյակային ջերմաստիճանի կարագը: Պետք է ստանաք միատարր զանգված, դրան ավելացրեք սուրճը:

Առանձնացրեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Սպիտակուցը լավ հարեք՝ շաքարավազի կեսով: Դեղնուցը նույնպես լավ հարեք՝ մնացած շաքարավազով: Դեղնուցին ավելացրեք հալած շոկոլադի զանգվածը, հարեք: Ապա շատ զգուշորեն ավելացրեք սպիտակուցը՝ դեղնուցին՝ փայտե կամ սիլիկոնե գդալով զգուշությամբ խառնելով: Լցրեք յուղաթուղթ դրած տապակի մեջ, կարող է լինել ինչպես կլոր, այնպես էլ՝ քառանկյուն: Դրեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը 50 րոպեով: Տորթը սկզբում լավ կբարձրանա, բայց ջեռոցից հանելուց հետո նստելու է: Երբ նստի եւ սառչի, փաթաթեք պոլիէթիլենե թաղանթի մեջ եւ դրեք սառցախցիկ՝ առնվազն 2 ժամով: Ես սովորաբար մեկ գիշեր թողնում եմ: Երբ սառչում է, դառնում է շոկոլադե կարագի նման: Կտրեք, վրան կարող եք կակաոյի փոշի ցանել եւ մատուցել:

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031