Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցունքներ դրախտում». դաղստանցի գրողի գիրքը հայերի մասին է

Մայիս 08,2022 20:09

«Բուկինիստ» հրատարակչությունը հրատարակել է դաղստանցի գրող Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» վեպը: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացել է գրքի շնորհանդեսը:

Վեպի առանցքում 2020 թվականի 44-օրյա պատերազմն է՝ հուզիչ սիրային պատմությամբ, մարդկային փոխհարաբերություններով, պատերազմական դաժան իրականությամբ:

«Այս գիրքն այն մասին է, թե որքան սարսափելի է պատերազմը, և որքան ուժեղ կարող է փոխվել հանկարծակի մահվան դեմքին նայած մարդու կյանքը»,-կարդում ենք գրքի առաջաբանում:

Aravot.am-ի հետ զրույցում «Բուկինիստ» ընկերության հիմնադիր և տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ հեղինակի այս գիրքը Ռուսաստանում ռուսերենով է տպագրվել, ապա Մոսկվայից ստացել է առաջարկ՝ հայերեն թարգմանելու և հրատարակելու:

«Մի քանի էջ կարդացի, հասկացա, որ հայանպաստ ու ճշմարտացի է գրված, որոշեցինք թարգմանել և հրատարակել: Գրողը մտնում է մաշկիդ տակ, կարողանում է ընթերցողին հոգեբանորեն տրամադրել զարգացումներին»,-ասում է Խաչիկ Վարդանյանն ու նկատում՝ հեղինակը Հայաստանում շատ քիչ է եղել, Արցախում չի եղել, սակայն այնչափ իրական ու հարուստ են նկարագրությունները, որ զարմանալի է:

«Գրողը գտել է իր պատուհանն ու այդ պատուհանից է նայում աշխարհին: Հենց սա է նրա առանձնահատկությունը»,-նշում է Խաչիկ Վարդանյանը:

Գրքի հեղինակ Գամիդ Ամիրովը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ստեղծագործությունների մեծ մասը հիմնված է իրական պատմությունների վրա, և «Արցունքներ դրախտում» գիրքը եկել է լրացնելու հեղինակի նախորդ տարիներին հրատարակված գրքերի շղթան:

«Ես խաղաղության կողմնակից եմ և իմ ստեղծագործության մեջ ոչ մեկի կողմը չեմ և չեմ քննում, թե ով ում է դավաճանել: Ես սոսկ ցանկանում եմ, որպեսզի մարդիկ խնամքով վերաբերվեն ճշմարտությանը և պատմությանը, որովհետև պատմությունը ժողովրդի դեմքն է, հատկապես եթե այն հին է ու հարուստ»,-նշում է հեղինակը՝ ավելացնելով, որ պետք է կարդալ ու փորձել հասկանալ մարդկանց վիշտը, մխրճվել նրանց հոգու մեջ և հասկանալ հայկական ինքնագիտակցության ողջ խորությունը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031