Գյումրու Թատերական հրապարակում ընդդիմադիրների հանրահավաքը մեկնարկեց փոքր-ինչ ուշացումով, քանի որ միջադեպ էր տեղի ունեցել Հոռոմի խաչմերուկում, գերիների հարազատները փակել էին ավտոերթի շարասյան ճանապարհը։ Տեղի էին ունեցել բախումներ։
Թեթևակի բախումներ տեղի ունեցան նաև Գյումրու Թատերական հրապարակում, սակայն մեծաքանակ ոստիկանների միջամտության ու խիստ հսկողության ներքո անմիջապես հարթվեցին։
Թատերական հրապարակում հանրահավաքի մեկնարկին իրավիճակը փորձեց լարել մի երիտասարդ՝ «Նիկոլ, վարչապետ» գոռալով։
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը փորձեց կանխել, հորդորեց դուրս գալ հրապարակից ու իր քաղաքական հայացքներն այնտեղ արտահայտել, մասնակիցներն արագ հանդարտեցրին իրավիճակը՝ թույլ չտալով բախում։
Հրապարակը բավական մարդաշատ էր, Փաշինյանի կողմնակիցները երբեմն անեծքներ էին հնչեցնում, հանրահավաքի ավարտին ևս մասնակիցների հետևից գոռում ու քննադատում էին, թե «ինչու եք եկել, աղտոտում Գյումրին»։
«Բա դուք հայրենիք ունե՞ք, անհայրենիքներ»,-իրենց հերթին հակադարձում էին հանրահավաքի մասնակիցները։
Փոխադարձ վիրավորանքներ, քննադատություններ հնչեցին, որոնք արագ հարթվեցին ոստիկանների միջամտությամբ։
Հանրահավաքին մասնակցում էին բուհերի դասախոսներ, նախկին դատավորներ, դպրոցների տնօրեններ, Շիրակի նախկին մարզպետներ։ Ելույթ ունեցան Գյումրիի տարբեր բուհերի դասախոսները։
Զգալի էր, որ Հոռոմի միջադեպը ծանր է նստել ընդդիմադիր գործիչների վրա, նրանք իրենց ելույթներում առանձնահատուկ շեշտադրմամբ անդրադարձ կատարեցին միջադեպին ու գերիների խնդիրին։ Նրանք քննադատեցին Նիկոլ Փաշինյանին հային հայի դեմ հանելու համար։
«Հային հանում են հայի դեմ՝ օգտվելով ծնողների հուզական հոգեվիճակից։ Օգտվելով այն փաստից, որ իրենից են կախված այդ ծնողների երեխաները՝ փորձում է հային հանել հայի դեմ՝ զսպելու համար ընդդիմության հանրահավաքները։ Մենք հիմա ասում ենք՝ Նիկո՛լ, քո մոտ չի ստացվելու, որովհետև արժանապատիվ հայ մարդիկ ոտքի են կանգնելու ու կանգնելու ենք և դուրս շպրտելով՝ քեզ՝ շտկելու ենք մեր հայրենիքի կոտրված ողնաշարը։ Մենք պայքարող ազգ ենք, մենք թուրքի առաջ չծնկող ազգ ենք և ասում ենք՝ պայքար»։
Միջադեպի կազմակերպիչների մասին ասացին, որ նրանք բոլոր իշխանությունների ծառան են եղել, ով փող է տվել, նրանց ծառայել են ու շարունակելու են ծառայել հաջորդներին, որովհետև «այդ մարդիկ հայրենիքի մարդ չեն, այլ ստամոքսի մարդ են»։
Ելույթ ունեցավ պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Գյումրին անվանելով «հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ քաղաք»։
Ըստ նրա, չի հաջողվելու թուրքերին խլելու խորհրդանիշերը։ Նա հիշեցրեց, որ ժամանակ չունենք, թուրքը եկել, մեր տունն է մտել։
Նա խոսեց թուրքերի առաջ քաշած նախապայմաններից։ Նշեց, որ Զանգեզուրի միջանցքը իրենով նախապայման է։
«Թուրքերի ախորժակը շարունակում է բացվել, հիմա էլ ուզում են միջանցք, իսկ այս կառավարությունն ամենաթողությամբ ամեն ինչ անում է, որպեսզի իրենք հասնեն իրենց նպատակին, բայց մենք չենք թողնելու։ Սա պաշտոնի, մի հոգու, ինչ-որ մարդկանց պայքարը չէ, սա մեր բոլորի պայքարն է, և մենք պետք է դառնանք մեկ բռունցք, հակառակ դեպքում մեր լինել-չլինելու հարցն է այսօր կանգնած»,-ասաց Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ կողմ են հարևանների հետ կայուն, զարգացած հարաբերություններ ունենալու, երկարաժամկետ խաղաղություն, սակայն այն չպիտի լինի մեր տարածքային ամբողջության ու ինքնության, թասիբի ու ինքնասիրության հաշվին, իսկ այս կառավարությունն անընդհատ տանում է պարտության և զիջումների։ Նա պահանջեց Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
Ելույթ ունեցավ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը, նա ևս անդրադարձավ այսօրվա միջադեպին։
«Ուզում եմ անդրադառնալ մեր այն հայրենակիցների պահանջներին, որոնք մեզ հետ այսօր զրույցի էին բռնվել, այդպես ձևակերպեմ։ Ուզում եմ հիշեցնել այս նույն իշխանությունների դիրքորոշումը նույն գերիների խնդրի վերաբերյալ։
Հիշո՞ւմ եք, որ ասացին մեր եղբայրները չեն նեղանա, որ էլի մի երկու ամիս մնան թուրքի բանտերում, այդ իրենք էին, որ ասացին՝ գերիների հարցը համարում ենք փակված։ Հիմա այդ մարդկանց դժբախտությունը փորձում են շահարկե՞լ։ Փորձում են այդ մարդկանց էլի խաբե՞լ, ասում են՝ եթե ուրիշները գան, այդ հարցն էլի չի լուծվի, որովհետև դրոշ են այրել և այլն։ Էդ մարդիկ թող իրենց խոստումը մի հատ կատարեն, որ հետո կարողանան ասեն՝ մեզ էլի ժամանակ տվեք, որ մենք հարց լուծենք։
Էսօր-էգուց չորս տարի կլինի, որ Փաշինյանը վարչապետ է, չորս տարի ԱՄՆ նախագահի մի ժամկետն է, լավ էս չորս տարում ի՞նչ է արել, որ էդ մարդկանց ասի՝ ինձ էլի ժամանակ տվեք, ո՞ր խոստումն է կատարել»։
Արթուր Խաչատրյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ասում էր, որ ձեզ երջանկություն կբերեմ ու դիմեց Հոռոմի խաչմերուկում հավաքված մարդկանց՝ հարցնելով՝ դուք երջանի՞կ եք։
«Ճամփա փակած մարդկանցից ո՞վ է երջանիկ, հիմա ասում է ՝ խաղաղություն կբերեմ, ժողովուրդ, խաղաղություն, ծնկի իջած, լացելով չեն ստանում, աշխարհի ոչ մի թույլ ժողովուրդ, ոչ մի թույլ պետություն խաղաղ չի ապրում։ Մուրալով խաղաղության չկա»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա ասաց, որ խաղաղության համար հզոր պետք է լինենք, ոչ թե թուրքի բերդերում լինենք։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ իր ելույթում նշեց, թե Հոռոմի խաչմերուկում միջադեպը կազմակերպվել էր, որովհետև ուժայինները հրաժարվում են արդեն Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանները կատարել։
«Նիկոլ չկա, Նիկոլ չկա»,- բացականչում էր պատգամավորը՝ հորդորելով, որ այլևս երբեք թույլ չտան ոչ մի իշխանության ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանելու։
Նա հայտարարեց, որ պայքարի ամենավերջնական փուլն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ