Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Երկրապահ կամավորականների միության Քաջարանի տարածքային բաժանմունքի անդամները, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Գեւորգյանը այցելեցին Քաջարանի եղբայրական պանթեոն։
Այստեղ են ամփոփված արցախյան գոյամարտում նահատակվածները։ Ծաղկադրման արարողությունից եւ հարգանքի տուրք մատուցելուց հետո Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը միասնություն եւ տոկունություն մաղթեց իր զինակից ընկերներին։ «Չնայած կորուստներ շատ ենք ունեցել, բայց պիտի բանակի կողքին լինենք, ամենօրյա մեր աշխատանքով պիտի ուժեղանանք, պառակտվելու ժամանակը չէ»,-նշեց Մանվել Փարամազյանը։
Կարդացեք նաև
Մարտական ընկերոջ միտքը շարունակեց Գարիկ Ղազարյանը։ «Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած մեր ընկերների հայացքները միշտ վերեւից ուղեկցելու են մեզ։ Ուրեմն Հայաստանի համար այս դժվարին օրերին պիտի համախմբվենք, թույլ չտանք թշնամուն՝ նենգ ծրագրերը իրականացնելու։ Այսօր ամուր ու պինդ պիտի լինենք»,-համոզված է Գարիկ Ղազարյանը։
Գորիսում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների հուշահամալիրում երկրապահների հետ էր ԵԿՄ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը: Այս մասին տեղեկացնում է «Սյունյաց երկիր» մարզային պարբերաթերթի կայքը։ Լրագրողների հետ զրույցում Մելիքսեթ Պողոսյանը նշեց, որ արարողությունից հետո սահմանապահ Տեղ գյուղ են գնալու, որտեղ քննարկելու են ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի առջեւ ծառացած խնդիրները եւ հետագա անելիքները «մեր երկրամասի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում»:
«Սյունիքի երկրապահը ներկայումս վերակազմակերպման գործընթացների մեջ է, կատարվում են շարքերի համալրումներ, աշխատանքներ են տարվում նրանց մարտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ, ձգտում ենք արժանավոր շարունակողը լինել նախորդ սերնդի եւ մեր նահատակ ընկերների սխրական արարքների», -լրագրողների հետ զրույցում նշեց Մելիքսեթ Պողոսյանը։
Վաղը՝ մայիսի 9-ին, միջոցառումները կշարունակվեն Սյունիքի մարզկենտրոն Կապանում։ Նախատեսվում է ծաղկադրում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին, որից հետո Բաղաբուրջի հուշահամալիրում ոգեկոչման եւ ծաղկադրման արարողություն կլինի՝ նվիրված 1941-1945թթ․ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների եւ արցախյան գոյամարտում նահատակվածների հիշատակին։ Կլինեն նաեւ թեմատիկ ցուցադրություններ Շմավոն Մովսիսյանի անվան պատմության ու Կապանի արվեստի թանգարաններում։
Լուսանկարները՝ Մանվել Փարամազյանի եւ «Սյունյաց երկրի» ֆեյսբուքյան էջերից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ