Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի ենք համարում փաստաբանների և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը. հայտարարություն

Մայիս 08,2022 15:04

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խորհուրդը, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիրչյանի, Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Մարինե Ֆարմանյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Մանե Կարապետյանի

2022 թվականի մայիսի 8-ին, ուսումնասիրելով փաստաբանների, լրագրողների և այլ քաղաքացիների հրապարակային ահազանգերը, պարզել է, որ վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող խաղաղ հավաքների և քաղաքացիական ակցիաների ընթացքում ի հայտ են եկել Սահմանադրությամբ ամրագրված, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների աննախադեպ և համատարած խախտման ու ոտնահարման դեպքեր, որոնք ուղեկցվել են Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողություններով:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը արձանագրել է հետևյալը.

Մասնավորապես, այս օրերին ծավալվող հավաքների, բողոքի ակցիաների և երթերի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից «հասարակական կարգի պահպանության» անվան տակ իրականացվում են անհիմն և անօրինական գործողություններ, այդ թվում՝

  • առանց տարբերանշանների ոստիկանության ծառայողների ներգրավմամբ.
  • առանց հիմքի քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելով.
  • առանց հիմքի տրանսպորտային միջոցներն առգրավելով և անհիմն պահելով,
  • ոստիկանության ծառայողների հայհոյախառն և ժարգոնային խոսքերով,
  • ոչ անհրաժեշտ ու չհիմնավորված ֆիզիկական ուժի և ձեռնամարտի հնարքների կիրառմամբ,
  • անչափահասների և կանանց նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառմամբ:

Նշված գործողությունները, ի թիվս այլ քաղաքացիների, իրականացվել են նաև մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետևում է տեղի ունեցող գործընթացներին։

Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների, այդ թվում` անչափահասների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը։ Անընդունելի ենք համարում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը, որոնք դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության առաջնահերթություններին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորվում է իրավաբանական օգնության տրամադրումը փաստաբանության միջոցով և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը մշտապես կարևորել է և ուշադրության կենտրոնում է պահել մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման հարցը:

Վերոգրյալով պայմանավորված, դատապարտելի է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ցանկացած խախտում կամ ոտնձգության որևէ փորձ։

Ամփոփելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 2.2. կետի պահանջները, Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է կոչով դիմել՝

  • Ոստիկանության ծառայողներին՝ զերծ մնալու մարդու իրավունքները և ազատությունները խախտող որևէ ապօրինի գործողությունից.
  • Ոստիկանության ղեկավարությանը՝ լուծելու ապօրինություն դրսևորած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031