Ընդդիմությունը մայիսի 8-ի առավոտյան ավտոերթով շարժվեց դեպի Գյումրի։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գյումրիում երթ և հանրահավաք են կազմակերպելու, այնուհետև վերադառնալու են Երևան. «Չի բացառվում, որ ընթացքում կհասցնենք այցելել այլ մարզեր։ Ուղղակի ես մի քիչ անհանգստանում եմ, որ մինչև հաղթանակը կարող է չհասցնենք մնացած մարզեր մտնել, բայց տեսնենք»։
Նա շեշտեց, որ մայիսի 9-ին մեծ հանրահավաք է տեղի ունենալու. «Փաշինյանը մեզնից խլեց եռատոնը։ Ես վստահ եմ, որ այս տարվա մայիսի 9-ը հիմք կդնի նրան, որ մենք հաջորդ տարիներին կարողանանք ասել քառատոն, որովհետև ժողովրդի հաղթանակը անհրաժեշտ է փաստագրել։ Վաղուց արդեն Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունի, Նիկոլ չկա այլևս, ընդամենը մնացել է փաստագրել ժողովրդի հաղթանակը»։
Հայկ Մամիջանյանը նաև անդրադարձավ այն տեղեկություններին, թե վրաններում թմրանյութեր են օգտագործում. «Ես կասեմ մեկ շատ պարզ նախադասությամբ. խելոք մնացե՛ք, հետևե՛ք, թե ինչ եք խոսում, թե չէ հանկարծ կարող է մենք հրապարակենք, թե ով, որտեղ, որ ակումբում, որ նկուղում, որ փաբում և ինչ թմրանյութ է օգտագործում։ Ապակե տանը նստած քարեր շպրտել պետք չէ»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ