«Մեր պայքարի ալիքը ալիքվում է՝ հասնելով սփյուռք, հասնելով բուհեր։ Սա խոսում է մեր պայքարի ազնվության, աննահանջության մասին»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
Նրա կարծիքով՝ ՀՀ-ում երկիշխանություն է, և իշխանությունը Ֆրանսիայի հրապարակում է։ Պատգամավորը նշեց․ «Այստեղ է իրական իշխանությունը, մենք ենք կերտում վաղվա Հայաստանի ապագան, իսկ վախկոտ իշխանությունն ԱԺ ճաղերի հետևում է պատսպարվել, նույնիսկ զոդած ճաղերի ետևում։ Չեն փրկելու ձեզ վահանները, ձեզ չի փրկելու ոչինչ, դուք կանգնելու եք պատմության դատաստանի առաջ, և գալու է այդ օրը»։
Լիլիթ Գալստյանը շեշտեց՝ մեր պահանջը մեկն է՝ հրաժարական ու հավաստիացրեց․ «Մենք աննահանջ ենք, մենք հավատում ենք՝ մեր երթը դեպի հաղթանակ է, հավատում ենք, գնում ենք առաջ»։
Կարդացեք նաև
Դիմելով այն մտավորականներին, որոնք այս օրերին չեն մասնակցում Դիմադրության շարժման պայքարին, և այն արդարացումներին, թե իրենց գործը ստեղծագործելն է, Լիլիթ Գալստյանն ասաց․ «Այո, սիրելիներ, ձեր գործը ստեղծագործելն է, եթե մենք ապրեինք սովորական, ոչ ճակատագրական, ոչ օրհասական մի իրավիճակում։ Այս հրապարակում է որոշվում մեր ճակատագիրը։ Կոչումի ետևում պետք չէ թաքնվել։ Ձեր կոչումը ձեր սեփական ժողովրդի կողքին կանգնել է։ Մի՞թե պիտի կույր լինել, չտեսնել, որ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղությունը ցեղասպան երթն է, որը հարյուր տարի առաջ սկսեց թուրքը։ Գրիգոր Զոհրաբից, Սիամանթոյից, Վարուժանից խելամիտ չլինեիք, նրանք հավատացել էին թուրքի խաղաղությանը, հետո այն դարձավ մահվան երթ դեպի Դեր Զոր։ Այն այսօր էլ է շարունակվում։ Հարյուր տարի հետո այն մեզնից հինգ հազար որդի ու զավակ է խլել։ Մի հավատացեք, հայ մտավորակա′ն, կանգնիր քո ժողովրդի կողքին։ Դա է քո իրական պարտականությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ