Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե փողոցների խցանումը նշան է տնտեսական զարգացման, ուրեմն վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ տնտեսությունը 500 տոկոս աճ է ունեցել»․ Իշխան Սաղաթելյանը հեգնեց Վահան Քերոբյանին

Մայիս 07,2022 23:18

«Սա պատճառ է այս իշխանության վարած քաղաքականության, որը սիրախաղ է սկսել Թուրքիայի հետ, որը հրաժարվում է մեր անժամանցելի իրավունքների պաշտպանությունից։ Պատասխանը սա է լինելու։ Սա մի հանցավոր գործընթաց է, որը սրանց մնալու պարագայում շարունակվելու է»,-անդրադառնալով Քյոլն քաղաքի Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի ապամոնտաժման փաստին՝ Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց՝ վաղը ժամը 09։30-ին Կարմիր խաչի մոտից շարժվելու են դեպի Գյումրի։ Ժամը 13․00-ին այնտեղ տեղի կունենա հանրահավաք։ Իշխան Սաղաթելյանի տեղեկացմամբ՝ Երևանում մեծ հանրահավաք վաղը տեղի չի ունենա։ Փոխարենը մայիսի 9-ին ժամը 17-00 սպասվում է շատ կարևոր հանրահավաք։ Նա շարունակեց․ «Վաղը, ժամը 17։00-ին այս հրապարակում տիրելու է Արցախի շունչը։ Մեր արցախցիներն այստեղ Արցախի ավանդույթներով կազմակերպելու են հետաքրքիր մշակութային միջոցառումներ։ Վաղը չէ մյուս օրը մայիսի 9-նն է՝ Շուշիի ազատագրման օրը։ Մայիսի 9-ին այս հրապարակում հրավիրում ենք հանրահավաք։ Վաղն աշխատանքային օր ենք ունենալու, ծրագրերն ամբողջացնելու»։

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ կազմակերպված գնում են առաջ և հուսադրեց՝ ամեն ինչ լավ է լինելու, հետքայլ, նահանջ չկա և շեշտեց՝ գնալու ենք մինչև վերջ։

Անդրադառնալով մարզային բնակչության մտահոգություններին և այսօր տեղի ունեցած հանդիպումների արդյունքներին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ նրանք մտահոգված են համայնքների խոշորացման գործընթացով և համարում են, որ այն տեղի է ունեցել առանց համայնքների բնակիչների կարծիքը լսելու։ Այնուհետև խոստացավ․ «Այս հրապարակից հայտարարում եմ, որ սրանց վռնդելուց հետո ամբողջությամբ կվերանայենք համայնքների խոշորացման գործընթացը»։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ պայքարում են ամուր պետության համար, որի հիմնասյուներն են ամուր կառավարման համակարգը, ամուր հասարակությունը, անվտանգային համակարգերն ու տնտեսությունը։ Այս առիթով հիշեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Էս որակի կառավարիչներով դա հնարավոր չէ։ Երբ տնտեսության թիվ մեկ պատասխանատուներից մեկը՝ էկոնոմիկայի նախարարն ասում է՝ փողոցների խցանումը նշան է տնտեսական զարգացման, եթե այդպես է, ուրեմն այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ տնտեսությունը հինգ հարյուր տոկոս աճ է ունեցել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031