Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե թույլատրելի է դագաղ տեղադրելը կենդանի մարդու տան շքամուտքի դիմաց՝ թույլատրելի է նաեւ նկար այրելը կամ նկարը հավի կամ խոզի վրա կպցնելը»․ «Առերեսում»

Մայիս 07,2022 23:35

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 1990-ականներից է դիտարկում խաղաղ հավաքների իրավունքի իրականացումը, իսկ 2008-ից սկսյալ՝ իրականացնում է համակարգված մշտադիտարկում: Եվ ահա այս պատկառելի փորձն ունենալով՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում հնչեցրեց հետեւյալ գնահատականը. «Խաղաղ հավաքների իրավունքը Հայաստանում ուղղակի ոտնահարված է: Այսպիսի վիճակ, երբ ոչ թե առանձին դեպքեր են, այլ համատարած են խախտումները…Խաղաղ հավաքների իրավունքի մեջ կան շատ կարեւոր չափանիշներ՝ օրինակ, ոստիկանության ներկայությունը որքա՞ն պետք է լինի՝ համեմատած հավաքի մասնակիցների հետ: Ոստիկանական այսպիսի չափազանցված ներկայություն՝ նույնիսկ փոքր հավաքների ժամանակ, երբեւէ Հայաստանում չի եղել»:

Մեր դիտարկմանը՝ սակայն վերջին հավաքների ընթացքում ոչ արցունքաբեր գազ է կիրառվել, ոչ ջրցան մեքենաներ կամ այլ հատուկ միջոցներ, պրն Իշխանյանն արձագանքեց. «Բայց կոպիտ ուժ է կիրառվել»: Իսկ հաղորդման մյուս հյուրը՝ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերության ղեկավար Ալեքսանդր Կոչուբաեւը հավելեց. «Քանակն այնպիսի ահռելի է («Սարսափազդու»,- լրացրեց Ավետիք Իշխանյանը.-Ա. Ի.), որ արցունքաբեր գազին հերթ չի հասնում: Ամեն ցուցարարին բաժին է հասնում 5-6 ոստիկան»:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաեւին եւս բերման էին ենթարկել ոստիկանություն, սակայն ինչպես հայտնել էր փաստաբանը՝ հրաժարվել էին փաստաթղթավորել՝ պատճառաբանելով, որ «բերման չեն ենթարկել, այլ մտածել են, որ ես կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին, տարել են»: Սա միակ արտառոց դեպքը չէ: Ասենք, բերման էին ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի դիմակներով ցույց անելու համար: Ըստ Ալեքսանդր Կոչուբաեւի՝ «Առհասարակ, հավաքը որոշակի մեթոդ է ունենում: Երբ որ հավաքի մասնակիցներն ասում են՝ մեր բողոքն արտահայտում ենք փողոց փակելով՝ նշանակում է, դա պետք է հարգվի։ Եթե դու հարգում ես հավաքների ազատությունը՝ պետք է հարգես այդ ձեւով հավաք իրականացնելու իրավունքը: Եթե անձն իր դժգոհությունը հայտնում է հավաքի տեսքով՝ Հանրապետության հրապարակ հավեր բերելով, եթե հարգում ես հավաքի ազատությունը՝ պետք է հարգես նաեւ ընտրված մեթոդաբանությունը: Շատ տարիներ առաջ Մաշտոցի պողոտայում հավաք էր ձեռնաշղթաներով՝ քաղաքացիներն իրենք իրենց գամել էին գետնին: Սա հավաքի ձեւն է, բողոքն արտահայտելու եղանակը: Եվ միայն փողոց փակելը չի նշանակում, թե տեղի է ունենում հասարակական կարգի խախտում»:

Մեկ այլ արտառոց դեպք՝ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «Մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի պատգամավորների լուսանկարները փակցրել են ուսապարկերի վրա և դրսևորել անվայել պահվածք: Նույն օրը, ժամը 13:50-ին՝ ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով բողոքի ակցիա իրականացնող նշված քաղաքացիները բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահի գնահատականով՝ ծիծաղելի է այս ամենը, օրենքով որեւէ արգելք չկա ոչ ինչ որ մեկի դիմակով ցույց անելու, ոչ էլ նկարները փակցնելու, ոչ էլ իշխող կուսակցության գրասենյակի դիմաց բողոքի երթ անելու: Հիշեցնենք, որ ՔՊ գրասենյակի դիմաց ցույցը եւս խոչընդոտվել էր՝ ոստիկանները թույլ չէին տվել շենքին մոտենալ: «Սա խաղաղ հավաքի ամենակարեւոր իրավունքներից մեկի խախտում է՝ ցուցարարներն իրավունք ունեն իրենց բողոքը հասցնել հասցեատերերին: Այսինքն՝ եթե բողոք ունես այդ կուսակցության վերաբերյալ՝ այնտեղ պետք է անես»,- ասաց պրն Իշխանյանը:

«Իսկ ինչո՞ւ են նեղվում ուսապարկերով ցույցից: Չմոռանանք, որ իրենք իշխանության են եկել՝ դագաղներ տեղադրելով կենդանի մարդկանց շքամուտքերին,- հարցադրում հնչեցրեց Ալեքսանդր Կոչուբաեւը,- Եթե պետության համար թույլատրելի է դագաղ տեղադրելը կենդանի մարդու տան շքամուտքի դիմաց, իր ընտանիքի առջեւ՝ ինձ համար թույլատրելի է նաեւ նկար այրելը կամ նկարը հավի կամ խոզի վրա կպցնելը»:

«Եթե այսպես շարունակվեց՝ երգիծանքը, հումորը կվերանան Հայաստանում: Այդ ամենը կհամարվի վիրավորանք»,- կանխատեսեց Ավետիք Իշխանյանը:

Անդրադարձ եղավ նաեւ փաստին, որ ցուցարարներն անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում տարբերվող դիրքորոշմամբ հանդես եկածների հանդեպ, ինչը եղավ Արմեն Մարտիրոսյանի և Սոս Ջանիբեկյանի պարագայում։ «Տարբերվող խոսքն Արցախը հանձնելն արդարացնելն է»,– ասաց Ալեքսանդր Կոչուբաեւը։ Իսկ Ավետիք Իշխանյանը մասնավորապես նշեց․ «Ամենաքաղաքակիրթ երկրում, օրինակ՝ Նորվեգիայում, եթե ենթադրենք պատերազմի իր հարեւաններից մեկի՝ Շվեդիայի հետ, եւ վերջինս գրավի Օսլոն՝ Նորվեգիայի մայրաքաղաքը, ինչ որ մեկը կարող է ասել, թե Օսլոն դժգույն քաղաք է ու մի մտավորական նրան պաշտպանի։ Ի՞նչ կանի քաղաքակիրթ նորվեգացի ազգը։ Իրավունք ունի՞ այդպիսի կարծիք ունենալ։ ՈՉ։ Որեւէ մեկը Հայաստանում իրավունք չունի ունենալ կարծիք, թե Շուռնուխն ադրբեջանական է, թե Շուշին ադրբեջանական է, թե Արցախն Ադրբեջան է։ Այդպիսի իրավունք որեւէ մեկը չունի»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031