«Մենք կդադարեցնենք ամեն ինչ, բոլոր գործողությունները, եթե դու վաղը քո այս թիկնազորով, այս հարյուրավոր ոստիկաններով, քո աջակիցներով գնաս Շուշի։ Գնա, աշխատիր Շուշիից։ Չես կարող գնալ, քանի որ դու վախկոտ ես»,-քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը։
Նա վստահեցեց՝ Հայաստանը չի կարող ղեկավարել մի մարդ, որն Արցախը համարում է Հայաստան և չի կարողանում գնալ Արցախ։
Նրա կարծիքով՝ հասարակության մեջ ատելություն կա Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Հետո էլ շարունակեց․ «Բոլորն են գիտակցում, որ նա պատուհաս է դարձել մեր ժողովրդի գլխին, նա մեր պետության և ժողովրդի չարիքն է, հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին»։
Ըստ Էդգար Ղազարյանի՝ հազարավոր մարդկանց այս հրապարակ է բերել մեկ մարդ։ Նա ասաց․ «Այս հրապարակ մեզ բերել է մեկ մարդ և մեզ այս հրապարակից կտանի մեկ մարդ։ Նրա անունն է Նիկոլ Փաշինյան։ Մենք կգնանք այս հրապարակից, երբ նրան վռնդենք»։
Կարդացեք նաև
Այնուհետև հայտնեց, որ իրականացվում է ստորագրահավաք ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոր՝ տիկին Մարինայի կողմից պատշգամբից Դիմադրության շարժման իրազեկման երթ իրականացնող անդամների վրա թքելու առիթով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար, որպեսզի նա և ցանկացած ոք, որն իրեն կփորձի այդ կերպ դրսևորել, ենթարկվի պատասխանատվության։
Հիշեցնելով, որ իր և իր ընկերների դեմ քրեական գործ է հարուցված, Էդգար Ղազարյանն ասաց․ «Ես ե՞մ հանցագործ, այ հայրենիքի գող։ Դու գողացել ես մեզնից մեր հայրենիքը, մեր երազանքները, դու գողացել ես մեզնից մեր ապրած կյանքը, մեր դրած ջանքերը, մեր երեխաների ապագան, և դու ե՞ս ուզում մեզ հանցագործ անվանել։ Դու քո պատժից վախեցիր, որը ստանալու ես խաղաղ բանակցությունները պատերազմի վերածելու համար, պատերազմը տանուլ տալու համար, պատերազմը դադարեցնելու առաջարկը չընդունելու համար, ականապատ դաշտերի քարտեզները թշնամուն փոխանցելու համար։ Հիմա դու ուզում ես, որ բերման ենթարկես այն ազնիվ երիտասարդներին, տղաներին, աղջիկներին, որոնք Երևանում փողոց են փակում։ Ուզում ես նրանց բերման ենթարկել, որ բացես Երևանի փողոցները։ Գնա, բացիր Գորիս-Կապան ճանապարհը, գնա, բացիր Կապան-Ճակատեն, Վարդենիս-Սոթք-Քարվաճառ, Ստեփանակերտ-Հադրութ, Բերձոր-Շուշի ճանապարհները։ Չես հասկանում, որ մենք այս ճանապարհները փակում ենք մեր հայրենիքի ճանապարհները բացելու համար»։
Նշենք, որ այս ելույթից հետո Իշխան Սաղաթելյանը ելույթով ամփոփեց օրվա ընթացքում կատարված աշխատանքները։ Այնուհետև առաջարկեց կատարել ավանդական դարձած երթը՝ Երևանով։ Երթից հետո հանրահավաքը կշարունակվի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ