Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոմը վերցրել, ասֆալտը քանդում, դրոշակ է տնկում, քո հերն ու մե՞րն են դրել այդ ասֆալտը, հլը ասում են՝ սո՞ւս մնանք, արա՛, ո՞վ ես դու, ա՛յ սրիկա՛». Գնել Սարգսյանի հանրահավաքը

Մայիս 07,2022 20:56

«Նիկոլ, վարչապետ». այս վանկարկումներով այսօր դերասան Գնել Սարգսյանի հանրահավաքին հայտարարվեց, որ պետք է հասարակական շարժում ստեղծվի, որը պետք է վերահսկի հանրային, պետական մարմինների աշխատանքը:

Ցուցարարներից մեկը բղավում էր, թե ինչո՞ւ նախկին նախագահը թողեց Ղարաբաղն ու եկավ այստեղ. «Թողել է իր ժողովրդին Ղարաբաղ, եկավ այստեղ թալանեց, թող մնար այնտեղ: Հերիք է, ժողովուրդ, ոտքի կանգնենք, վռնդենք»: Մյուսները հակադարձում էին, թե՝ «մենք ընտրություններով արդեն վռնդել ենք»:

Մի մեծահասակ մարդ դժգոհում էր ընդդիմադիրների պահվածքից. «Լոմը վերցրել, ասֆալտը քանդում, դրոշակ է տնկում: Քո հերն ու մե՞րն են դրել այդ ասֆալտը, հլը ասում են՝ սո՞ւս մնանք, արա՛, սիրտս ցավում է, ասֆա՜լտ է քանդում, ո՞վ ես դու, ա՛յ սրիկա՛: Եկել է Երեւան, Ղարաբաղ է ազատագրում: Հերիք չի՞ ամբողջ Երեւանը գնաց, հիմա էլի՞ են ուզում «ուռա» ասեն ու մնան»:

Գնել Սարգսյանն էլ ասաց, որ խնդիրներ շատ կան, ու իրենք են այդ խնդիրները լուծողը, բայց Աստված չանի, որ, օրինակ, այն, ինչ չեն արել դատարանները, իրե՛նք անեն դատարանի փոխարեն:

Գնել Սարգսյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձին՝ ասելով, որ ըստ ընթացակարգի, եթե բացակայում են, պետք է աշխատավարձից պահումներ արվեն, բայց առավոտյան գալիս են, «իրենց թուղթը մի հատ ճտացնում են», թե ներկա են եղել, հայտարարում են, որ քաղաքական բոյկոտ է, նոր դուրս են գալիս: Հավաքված կանայք բղավում էին, թե՝ «բոյկոտի փողերը թող հանեն», մեկ ուրիշն էլ պահանջում էր՝ «հեռացնե՛լ թալանչի պատգամավորներին, մենք չենք վճարելու նրանց»:

Գնել Սարգսյանն էլ լուսավորեց նրանց. «Ոչ մի քաղաքական ուժ մեկ այլ քաղաքական ուժի չի կարող հեռացնել, ժողովուրդն է ընտրել, լավ է, վատ է՝ դա է: Մենք այն հանրությունն ենք, որ մեզ մոտ հնարավոր դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խմբավորումները դարձյալ գան ԱԺ, եկեք մենք իրականության հետ հաշտվենք»:

Հավաքի վերջում պայմանավորվեցին ամեն ամսվա առաջին շաբաթ օրը այսպիսի հանրահավաքներ անել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031