Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայ ապրե՛ս, Գնել ջան». Դերասան Գնել Սարգսյանի հանրահավաքի ուշագրավ դրվագները՝ երկրում անգրագիտության, իր 8-ամյա կրթության ու «սախաթ» ոտքով հեղափոխականի մասին

Մայիս 07,2022 20:17

Դերասան Գնել Սարգսյանն այսօր կայարանում՝ Սասունցի Դավթի արձանի մոտ հավաք էր կազմակերպել, իր խոսքով՝ ոչ թե քաղաքական, այլ՝ քաղաքացիական. «ՀՀ-ն, նաեւ Արցախը պատկանում է անձամբ ամեն մեկիս, եւ քաղաքացին է որոշողը՝ երբ ինչ պիտի լինի: Քաղաքացին իր որոշումը կայացրել է, ծառաներին կարգել է ու պահանջում է աշխատել: Լավ աշխատողների աշխատավարձը բարձրացնում է, վատ աշխատողներին հեռացնում է աշխատանքից: Հատկապես վերջին մի քանի տարիներին կոնկրետ ուժային կառույցներում, ոստիկանական համակարգում ամեն օր նկատում ենք փոփոխություններ ոչ միայն օրենքների, այլ նաեւ մարդկային հարաբերությունների տեսանկյունից»,- ասաց Սարգսյանը ու հորդորեց հավաքվածներին ծափերով շնորհակալություն  հայտնել ոստիկաններին:

Նա հայտարարեց, որ մեր գլխին շատ աղբ է կուտակվել ու պետք է հիմա արեւ տեսնեն: Գնել Սարգսյանը վստահեցրեց, որ պաշտոնի համար չի պայքարում, ամենաբարձր պաշտոնը ՀՀ քաղաքացի լինելն է:

Հավաքի բանախոսները հորդորում էին՝ «դուխներդ տեղը պահեք եւ ոչ մի վայրկյան չհիասթափվեք մեր կառավարությունից, մեր մեծությունից, կանգնել ենք մեր երկրի ղեկավարի՝ պարոն Փաշինյանի կողքին»: Նրանք վստահեցնում էին, որ հեղափոխություն չի՛ լինելու. «Հիմա ուզո՞ւմ եք ոտքներս գետնին խփենք, բոլորը տեսնեն՝ մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս… Մեկը կա, ոտքը սախաթ է, հա՛ խփում է, հա՛ չի ստացվում իր մոտ»:

Գնել Սարգսյանն էլ ասաց, որ երկրում սողացող անգրագիտություն կա ու խոստովանեց. «Ես ինքս 8-րդ դասարանի կրթություն եմ ստացել, երկիրն այդպիսին է եղել: Ամեն ինչն ունի իր պատճառները, ես ոչ մեկի դրա համար չեմ մեղադրում՝ երկրաշարժ, պատերազմ: Բայց ես կարողացել եմ իմ ինքնակրթությամբ զբաղվել եւ դա կարեւորել եմ»:

Ըստ Գնել Սարգսյանի, հանրությանը պառակտելու գործողությունները հասան նրան, որ այսօր անգամ մեր հերոսածին ծնողներից ամեն մեկը մեկին մեղադրում է, բացի մեր գլխավոր թշնամուց՝ թուրքից. «Այստեղ է տիկին Գալյան, այստեղ է Հովիկը՝ հերոսի հայր, շատ ունենք ծնողներ, շատերը կապվում են, շատերի հետ ամենօրյա զանգի մեջ ենք, շփվում ենք ու գիտեք ինչ, ես նրանց կարծես թե  կարողանում եմ համոզել, որ իրենք ոչ թե որդի են կորցրել, այլ հերոս են գտել, արժանի զավակ են գտել: Եթե հարկ լինի ու պատերազմ լինի, ես ինձ կհամարեմ երանելի ծնող, եթե իմ որդին նույնպես իր կյանքը զոհի հանուն հայրենիքի»: Հավաքված կանայք բղավում էին՝ «վայ ապրես, Գնել ջան, իմ հայրենասե՛ր Գնել ջան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    8-րդ դասարանի կրթությամբ դերասանը խոսում է երկրում սողացող անգրագիտության մասին, ասում է ինքնակրթությամբ է զբաղվել (հասկացնում է, որ արդեն գրագետ է) և մտքով չի անցնում, որ իր ելույթն էլ կարող է լինի ներկայիս իշխանության առաջ սողացող:

  2. Հայկ համբարձումեան says:

    Ժամը 26:03ի դրութեամբ հրապարակի մօտ եղել է մօտ 47 մեքենայ, երկու հեծանիւ, միայն մէկ էշ. Ծառ չկայ։
    ԻՔԿ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031