Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ԵՄ հետ արդեն հաստատված համագործակցությունն ու Եվրոմիության կողմից մարզում իրականացրած ծրագրերը տարբեր ուղղություններով․ «Բարով եք եկել Շիրակի մարզ, տիկին դեսպան։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալելու և Շիրակի զարգացմանն առնչվող ծրագրերին անդրադառնալու։
Շիրակի մարզը մեծ պոտենցիալ ունեցող մարզերից մեկն է և սա ասում եմ ոչ նրա համար, որ ես այս պահին Շիրակի մարզպետն եմ։ Բոլոր նախադրյալները կան մարզի զարգացման համար և ուրախալի է, որ Եվրոմիությունն այստեղ մեզ հետ է։ Կարևոր նախաձեռնություններ են մեզ համար ինչպես կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունն, այնպես էլ ԵՄ ֆինանսավորմամբ բացված տոհմային անասնաբուծության կենտրոնի, Ամասիայի բրդի գործարանի, Արթիկի ֆոտովոլտային կայանի ծրագրերը։
Այսօրինակ ծրագրերի իրագործումը հնարավորություն են տալիս, որ մարզի տարբեր տարածաշրջաններ համաչափ զարգանան։ Եվ մենք հավատարիմ ենք կառավարության ապակենտրոնացված քաղաքականությանն ու ինքներս էլ ամեն ինչ անում ենք մարզի բոլոր բնակավայրերի զարգացման համար»։
Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը։
Անդրեա Վիկտորինը նշել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքեր են գործադրվում և դրանք կրելու են շարունակական բնույթ։
Կողմերը զրուցել են նաև Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում առաջիկա շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումների, ինչպես նաև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք ծրագրերի մասին։
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ