Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է համածառայակցին անզգուշությամբ մահ պատճառած 19-ամյա ժամկետային զինծառայողը

Մայիս 07,2022 19:20

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է 19-ամյա Վ․ Խաչատրյանը, որը կասկածվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելը։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, ապրիլի 28-ին ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում:

Դատարանին կալանավորման միջնորդություն ներկայացրած քննիչը միայն մեկ հիմնավորում էր ներկայացրել՝ նշելով, որ Վ․ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի նախաքննությանը։

Վ․ Խաչատրյանի պաշտպան Մուշեղ Վարդանյանն առարկել է քննիչի միջնորդությանը՝ փաստելով, որ իր պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, աջակցել է քննությանը, եւ գործում չկա որեւէ փաստարկ, ըստ որի իր պաշտպանյալը կխոչընդոտի քննությանը։ Մեզ հետ զրույցում Մուշեղ Վարդանյանը նախ ցավակցեց Սամվել Սանեյանի հարազատներին։

«Գիտեք, աբսուրդն այն է, որ մարդն ընդունում է մեղքը, ասում է, որ ինքն է արել, նաեւ մի քանի հանգամանքներ կան, որոնք նախաքննական գաղտնիք են ու այս պահին չեմ կարող հրապարակել։ Այս ամենը հաշվի առնելով՝ դատարանը, կարծում եմ, խափանման այլ միջոց պիտի կիրառեր»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է Մուշեղ Վարդանյանը։

Պաշտպանի խոսքով, դատական պրակտիկայում քիչ են հանդիպում նման հիմքերով  կալանավորման դեպքերը։ «Գուցե՞ Կարեն Հակոբյանը վերջերս է նշանակվել մինչդատական վարույթում գտնվող գործերի խափանման միջոցը քննող դատավոր ու անկախ ամեն ինչից՝ պիտի կալանավորման որոշումներ կայացնի»,-ասում է Մ․ Վարդանյանը։

Մուշեղ Վարդանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է վերաքննիչ քրեական դատարան։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031