Բարությունն ու մարդասիրությունն ամենահզոր գործիքներն են, որ մենք ունենք դիմակայելու հակամարտությունների, աղետների, COVID-19-ի և այլ ճգնաժամերի հետևանքներին, բերելու հույս և փոփոխություններ:
«Ճգնաժամերն ու աղետները ոչ մեկին չեն խնայում՝ ամենադաժան հարվածը հասցնելով ամենախոցելիներին,- ասում է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը: – Սակայն, պետք չէ հեռուն գնալ բարության դրսևորումներ գտնելու և ոգեշնչվելու համար»:
Մայիսի 8-ին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը նշում է միլիոնավոր կամավորների և անհաշիվ այլոց նվիրումը, սրտացավությունը, քաջությունն ու ձգտումը, ովքեր օգնություն, հոգատարություն և կյանք փրկող ծառայություններ են մատուցում իրենց համայնքներում ապրող մարդկանց:
Հայկական Կարմիր խաչի ընկերության անձնակազմն ու կամավորներն իրենց համայնքներին աջակցում են հետևյալ ծառայությունների ու ծրագրերի միջոցով՝ տնային խնամք, առաջին օգնություն, դիմակայունության բարձրացում, աղետների ռիսկի նվազեցում, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, փախստականների պաշտպանություն և ինտեգրում, մարդասիրական արժեքների տարածում, երիտասարդական հիմնախնդիրներին արձագանքում, մարդասիրական օգնության և սոցիալ – հոգեբանական աջակցության տրամադրում, կամավորական նախաձեռնություններ և այլն:
Կարդացեք նաև
«Մեծ թե փոքր, ակնհայտ թե չերևացող, ամեն մի բարի գործ հույս է բերում և բազմապատկում բարությունը», – ասում է ՀԿԽԸ գործադիր տնօրենը:
Այսօր, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք անշահախնդիր օգնում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Եթե այս փոքր գործողությունները բազմապատկվեն, ազդեցությունն ահռելի կլինի:
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժումը բաղկացած է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայից և 192 Ազգային ընկերությունների՝ 14,9 միլիոն կամավորներով: Աշխարհում յուրաքանչյուր 524 հոգուց մեկը Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի կամավոր է:
Միասին Կարմիր խաչն ու Կարմիր մահիկն անցյալ տարի աջակցել են աղետներից և այլ ճգնաժամերից տուժած 688 միլիոն մարդու, 306 միլիոն մարդ ստացել է առողջապահական ծառայություններ, 126 միլիոն մարդ՝ մաքուր ջուր և բարելավված սանիտարահիգիենիկ վիճակ, 1,5 միլիոն հեռախոսազանգ և տեսազանգ է կազմակերպվել աղետների, բռնության, հակամարտությունների կամ կարանտինի հետևանքով տարանջատված ընտանիքների միջև՝ տարվա ընթացքում ամեն րոպե մեկ զանգ:
«Ամենավատ իրավիճակներում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի անձնակազմն ու կամավորները նվիրված աշխատում են իրենց տեղական համայնքների համար՝ երբեմն վտանգի ենթարկելով սեփական կյանքը: Նրանք հիշեցնում են մեզ, թե ինչու մենք պետք է տարածենք մարդասիրություն և դրսևորենք բարություն, ասում է ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը: – Այս դժվարին ժամանակներում, կորուստների և անորոշության մեջ, մենք կոչ ենք անում մարդկանց հավատալու բարության ուժին»:
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման բաղկացուցիչները Հայաստանում․
Ազգային ընկերություն․ Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.redcross.am կայքից։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Հայաստանում
Գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ
https://www.facebook.com/ICRCam ֆեյսբուքյան էջից։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի
ներկայացուցչությունը Հայաստանում
Գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.ifrc.org կայքից։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ