Ինչպես տեղեկացնում են Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի մամուլի ծառայությունից, այսօր՝ մայիսի 7-ին, Ստեփանակերտում նույն բուհի, Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի և Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ «Եվրոպա» հյուրանոցի նիստերի դահլիճում կայացել է «Ռուսաստան-Ղարաբաղ պատմամշակութային կապեր» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը նվիրված է մայիսյան եռատոնին:
Ելույթներով հանդես են եկել ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Ղարիբ Բաբայանը և Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը:
Զեկույցների հիմնական թեմաներն էին՝ ռուսաց լեզվի պատմական դերը, Ռուսաստանի կողմից կիրառվող քաղաքական և գործնական զսպման մեխանիզմներն ադրբեջանաարցախյան հակամարտության մեջ, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումն Արցախի գրավյալ բնակավայրերում և այլն:
Կարդացեք նաև
Բանախոսները կարևորել են նման հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպես նաև ի մի են բերվում տարբեր առաջարկներ: Նրանք անդրադարձ են կատարել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, ռուսերենի հանդեպ հարգանքի և լեզվի կիրառման տարածվածության, համատեղ միջոցառումների անցկացման և այլ հարցերի:
Լուսանկարները տրամադրել է բուհի մամուլի ծառայությունը