Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթն իսկական ընկեր էր, հայրենիքին և գործին նվիրված մարդ»

Մայիս 07,2022 15:11

Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյան. բնածին սպա, մարտական հրամանատար…

Խիզախ և անձնուրաց մարտիկ, որը մինչև արյան վերջին կաթիլը նվիրված էր հայրենիքին և իր զինվորական պարտքին…

Դավիթի սխրանքները մեծ են. պատերազմի առաջին օրվանից անձնակազմին ղեկավարեց «Ո՛չ մի քայլ հետ» սկզբունքով։ Նա սովորեցրեց իր մարտիկներին մարտնչել իր նման հմտորեն։ Նրանց վիճակվեց ժամանակից շուտ մարտի մեջ մտնել, բայց նրանք պատրաստ էին սխրանքի և գործեցին այն իրենց հրամանատար Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ։ Լինելով լավ հրամանատար՝ 4 օր իր ղեկավարած գումարտակի հետ թույլ չտվեց հակառակորդին ոչ մի սանտիմետր հող առաջ շարժվելու։

Դավիթ Ղազարյանը ծնվել է 1989 թվականի մայիսի 5-ին Վեդի քաղաքում, Վանիկ և Անիկ Ղազարյանների ընտանիքում։ Նրա հայրը՝ նախկին զինվորականը, իր երեք երեխաների որդուն և երկու դուստրերին որպես լավ ու բարի մարդ և իսկական հայրենասեր էր դաստիրակել:

Դավիթի հայրը՝ Վանիկ Ղազարյանը, լինելով զինվորական, նույնպես ծառայել է հայրենիքին, որն էլ հետագայում  որդու համար ուղեցույց դարձավ։

Դավիթի պապերը Մուշից են Վեդի եկել։ Եվ նրա սրտում ընդմիշտ մնացել էր նախնիների կորսված հողի, պատմական անարդարության մասին հիշողությունն ու հայրենիքին պաշտպան լինելու անհագ ցանկությունը։

Դավիթը սովորել է Վեդի քաղաքի թիվ 1 դպրոցում և դպրոցի լավագույն աշակերտներից մեկն էր։ Ուներ գիտելիքների մեծ պաշար և մեդալի հավակնորդ էր. կարող էր ընտրել տարբեր մասնագիտություններ, բայց նա որոշեց հոր նման  զինվորական դառնալ և նվիրվել հայրենի հողի պաշտպանությանը։ Երբ Դավիթը որոշեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվել, ուսուցիչների համար անսպասելի էր։ Նա փայլուն կերպով ընդունվեց և գերազանցությամբ ավարտեց այն։ Ավարտելով ինստիտուտը՝ Դավիթ Ղազարյանն ինքն ընտրեց իր ծառայության վայրը՝ Արցախ։ Դավիթն ուզում էր ոչ թե պարզապես ծառայել, այլ լինել հայրենի հողի պաշտպանության առաջնագծում: Այդպես էլ գնաց Հադրութ։

Դավիթին բոլորն էին սիրում՝ նրա բարի, բայց անսասան բնավորության համար, նրա համեստության, բայց պահանջկոտության համար։ Նրա մեջ զուգակցվում էին հոգեկան և ֆիզիկական ուժերը։ Հուսալի ընկեր էր և օրինակ իր զինվորների համար։ Ծառայության բոլոր տասը տարիների ընթացքում Դավիթը մնաց իր զորամասում. հրամանատարությունը չեր ուզում կորցնել նման սպայի։ Սկզբում դասակի հրամանատար էր, այնուհետև՝ վաշտի: Նշանակվել էր շտաբի պետ և վերջապես գումարտակի հրամանատար։ Չնայած՝ ընդամենը կապիտանի կոչում ուներ…

2014 թվականին Դավիթն ամուսնացավ Հռիփսիմե Մայիլյանի հետ։ Նրանք ունեցան նախ  դուստր՝ Անիին, այնուհետև որդի՝ Վանիկին։ Եվ որքան փայլուն զինվորական էր Դավիթը, նույնքան էլ հիանալի ամուսին ու հայր եղավ։

Աղջկան՝ Անիին, երբ հարցնում են հոր մասին, հպարտորեն ասում է՝ իր հայրը հերոս է։

Արցախը Դավիթի համար իսկական հայրենիք դարձավ, նա սիրահարված էր Հադրութին։ Հայրենիքին ծառայելը Դավիթի համար մնում էր կյանքի գլխավոր նպատակ։ Նա նվիրվում էր եռանդով։ Գերազանց գիտեր մարտի տեսությունն ու պրակտիկան, տիրապետում էր սպառազինության բոլոր տեսակներին։ Բնատուր զինվոր էր։

Հաջող հանձնելով քննությունները՝ ընդունվեց ռուսական ակադեմիաներից մեկը։ Բայց վերադարձավ՝ զգալով, որ ծանր ժամանակներ են մոտենում, և ինքը պետք է այստեղ  լինի՝ հայրենիքի պաշտպանության առաջնագծում։

2016  թվականին Ադրբեջանը գրոհեց Արցախի սահմանների վրա։ Եվ Դավիթ Ղազարյանը մեկն էր նրանցից, որ ագրեսորների դեմ մարտի մեջ մտավ ու հետ մղեց նրանց հարձակումը։  Նա պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։

Զորամասում ստեղծվեց ուսումնական գումարտակ. այդքան պատասխանատու ստորաբաժանման հրամանատար պետք է դառնար լավագույն սպաներից մեկը։ Եվ հրամանատարությունն առանց երկմտելու ընտրեց Դավիթ Ղազարյանին։ Դավիթն ընդամենը 30 տարեկան էր, բայց երիտասարդ զինվորների համար հոր պես էր՝ իմաստուն և խիստ ուսուցիչ, շատ հոգատար և ուշադիր։ Զինվորները հարգում  էին նրան արդարամտության ու բարության համար և փորձում էին արժանանալ նրա խրախուսական բառերին։

2020 թվականին 31-ամյա Դավիթ Ղազարյանին շնորհվեց փոխգնդապետի կոչում. նրա առջև առաջընթացի ուղի էր բացվում։ Բայց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց, և Դավիթը հայտնվեց այնտեղ, որտեղ պետք է լիներ՝ առաջնագծում,  թշնամու դիմաց։

Իրավիճակը շատ լարված էր, ու հրամանատարությունը ստիպված էր մարտի ուղարկել նույնիսկ ուսումնական գումարտակը։ Եվ արդեն սեպտեմբերի 27-ին, Դավիթը մարտի տարավ իր պատանի մարտիկներին ու նրանք խիզախաբար գնացին իրենց սիրելի հրամանատարի հետևից։

Թշնամին հարձակվում էր հսկայական ուժերով, բայց երիտասարդ մարտիկները չվախեցան, չէ՞ որ նրանց գլխավորում և նրանց կողքին մարտնչում էր նույնպիսի երիտասարդ, խիզախ և հմուտ հրամանատար՝ փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը։

«Չվախենա՛ք, բոլորս էլ մահկանացու ենք. կրակե՛ք»:

Դավիթը հասցնում էր ամեն ինչ. նա կապ էր պահում գումարտակի բոլոր ստորաբաժանումների հետ, ղեկավարում հրետանին և մարտնչում էր թշնամու դեմ։ Թվում էր՝ աչք չի փակում, բայց նրա հրամանատարությամբ երիտասարդ մարտիկները հրաշքներ էին գործում։

Միշտ կապի միջոցով լսվում էր Դավիթի ձայնը։ Չորս օր մարտնչեց Դավիթը և իր գումարտակը։

Չորս օր պահեց դիրքերը կատաղի հրետակոծության մեծաթիվ հետևակի և տասնյակ տանկերի գրոհների տակ… 37 տանկ ոչնչացրին Դավիթ Ղազարյանի մարտիկները և երեք տանկ գերի վերցրին։ Գումարտակը հետ էր մղում գրոհը, ինչի հետևից, բայց ծանր կորուստներ էր կրում։ Դավիթի սիրտը կտոր-կտոր էր լինում ամեն մի զինվորի մահվան համար։

Գրոհներից մեկի ժամանակ՝ սեպտեմբերի 30-ին, նա կանգնեց թշնամու ներխուժած տանկերի ճանապարհին՝ պաշտպանելով իր զինվորներին… Եվ ընկավ մարտում՝ չնահանջելով, չտալով ո՛չ մի թիզ անգամ։

Նորակոչիկ զինվորներն  իր անունը միշտ բարձր պահեցին՝ գիտակցելով, որ իրենք Դավիթի զինվորներն են, և ինչպես նա չէր վախենում, իրենք էլ չպետք է վախենային։

Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյան. նա հայ ժողովրդի հիշողության մեջ կմնա որպես  խիզախության և հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո խորհրդանիշ։ Որպես տիպար հայոց հողի՝ իսկական զավակ։

Հոկտեմբերի չորսին՝ Դավիթի մահից հետո, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, Դավիթին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Մենք հպարտ ենք, բայց եթե նա ողջ լիներ, մեզ համար ավելի մեծ հպարտություն կլիներ։ Ապացուցեց, որ կայացած մարդ է ու արժանի ամեն ինչի՝ արժանանալով հարգանքի ընկերների և իր զինվորների կողմից։

Դավիթը օրինակ ծառայեց բոլորիս. նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հոգեպես միշտ մեր կողքին կլինի և մեր սրտերում։ Անվախ մարտիկ, ով նվիրել էր իրեն հայրենի հողի պաշտպանությանը, և հանուն այդ սուրբ նպատակի, նա տվեց իր կյանքը, և դրա համար նա Հերոս է…

 

Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ

ՀՖԿՍՊԻ մարզական լրագրության ամբիոնի առաջին կուրսի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031