Մայիսի 7-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։
Ողջունելով հյուրին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Իշխան Զաքարյանի դերը խորհրդարանական դիվանագիտության մեջ, նաև՝ համահայկական խաղերի կազմակերպման գործում։ Այս առումով Արթուր Թովմասյանն ընդգծել է 2019 թ. Արցախում համահայկական խաղերի բարձր մակարդակով անցկացումը։
Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 2020 թ. աշնանային պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ինչպես նաև Արցախի անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Այս համատեքստում Արթուր Թովմասյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերն ու նշանակությունը, Ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում։
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել նաև Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների մասին։
Կարդացեք նաև
Իշխան Զաքարյանը համոզված է, որ Հայաստանի և Արցախի խնդիրները չի կարելի տարանջատել։
«Աշխարհաքաղաքական այս բարդ ու անկայուն, անկանխատեսելի իրադարձություններով լի ժամանակաշրջանում կարևորում եմ մեր ժողովրդի համախմբվածությունն ու միասնականությունը», – ընդգծել է ՀՀ խորհրդարանի պատգամավորը։
Այս տեսակետից Իշխան Զաքարյանը շեշտել է խնդիրներին գրագետ, համակարգային և սկզբունքային լուծումներ տալու անհրաժեշտությունը։
Երկուստեք մատնանշվել է Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես վստահելի դաշնակցի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին