Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. Այստեղ հնարավոր չէ պառակտում մտցնել՝ մարդը հանուն Արցախի, հանուն Հայաստանի է եկել. «Փաստ»

Մայիս 07,2022 10:50

«Այն ամենը, ինչ կատարվում է այսօր, բավականին տարբերվում է այն գործընթացներից, որոնք կատարվում էին 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, ինչպես նաև 2021-ին, երբ ընտրություններ էին: Այս պայքարը ես համեմատում եմ Արցախյան շարժման հետ, որտեղ մարդիկ հանուն մեկ գաղափարի էին հավաքվել, ինչի արդյունքում Խորհրդային Միությունը, ի դեմս Կոմունիստական կուսակցության և КГБ-ի, ոչինչ չկարողացավ անել շարժման դեմ, և շարժումն, ի վերջո, հաղթեց»:

Անդրադառնալով Հայաստանում շարունակվող բողոքի գործողություններին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: «Այստեղ մարդիկ գալիս են հանուն գաղափարի և ոչ թե հանուն որևէ առաջնորդի, հանուն որևէ կուսակցության: Եվ եթե առաջնորդների, կուսակցությունների դեմ աշխատելը հեշտ է, ապա այսպիսի շարժումների դեմ դժվար է աշխատել: Այստեղ հնարավոր չէ պառակտում մտցնել՝ մարդը հանուն Արցախի, հանուն Հայաստանի է եկել: Ի՞նչ այլ գաղափար պետք է առաջարկես այդ մարդկանց, Հայաստա՞նը, թե՞ Արցախը պետք է սևացնես իր աչքերում, որ չգա հրապարակ: Մենք տեսնում ենք, որ, անկախ եղանակային պայմաններից, ամեն օր երթերին մասնակցող մարդիկ միայն ավելանում են, նրանց դեմ անհնար է պայքարել: Մարդիկ գալիս են իրենց կամքով՝ հանուն Արցախի: Գալիս են՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իշխանության գլխին ամեն օր մնալը խնդիր է առաջացնում ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի անվտանգության համար»,-ասաց մեր զրուցակիցը:

Տիգրան Քոչարյանի համար իշխանությունների կողմից այս օրերին դրսևորվող ռեակցիան մի փոքր անսպասելի է եղել. «Շատ ոչ ադեկվատ ռեակցիա են տալիս այս ամենին և՛ ոստիկանությունը, և՛ իշխանությունը: 2020-ից ի վեր ես չեմ հիշում որևէ դեպք, երբ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը զգուշացնեին ինչ-որ պրովոկացիաների մասին, և այսպիսի պայքար գնար ընդդիմության դեմ: Ժողովրդական խոսքով ասած՝ տպավորություն է, որ իշխանության վախը բռնել են ընդդիմադիրները: ԱԺ-ում ոչ ադեկվատ, հիստերիկ ծափահարությունները, կարմիր ու սև բերետավորների դաժանությունները միայն մի բանի մասին են վկայում՝ իշխանություններն իսկապես բավականին վախեցած են: Նշվածի ցուցիչն էր նաև ոստիկանների ու ոստիկանական տեխնիկայի ահռելի քանակը, այդ թվում՝ ԱԺ-ի շենքի մոտ, երբ Նիկոլ Փաշինյանը եկել էր մասնակցելու ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ իրավիճակը, ամեն դեպքում, արագ հանգուցալուծում կստանա, և իշխանությունը շուտով հրաժարական կտա: Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, հակառակ պնդումներ ևս կան, այն է՝ քանի որ այս իշխանության պարագայում այլ իրավիճակ է, ի մասնավորի՝ հաշվի առնելով հասցրած վնասները՝ հետդարձի ճանապարհ չունեն, Տ. Քոչարյանն արձագանքեց. «Պարզ է, որ այդքան հեշտ չեն գնալու, իրենցից ամեն ինչ սպասելի է՝ սկսած սադրանքներից: Ամեն դեպքում հաշվարկել էին իրենց քայլերը: Բայց 2018-ի ու այս ժամանակվա ընդդիմությունը տարբեր են: Ներկայիս ընդդիմությունը գիտի՝ հանուն ինչի է դուրս եկել: Դուրս է եկել հանուն հայրենիքի: Այսինքն, այստեղ հավաքված մարդկանց մեծ մասը պետականամետ և ազգայնամետ է: Իսկ 2018-ին, այո, ժողովուրդը դուրս էր եկել, աջակցել էր, բայց այդ ժամանակվա ընդդիմության առաջնորդներն անհայրենիք, ապազգային տարրեր էին: Մարդկանց խաբելով, մարդկանց ստելով ու օգտագործելով հատկապես սոցիալական հարցերը՝ հասան իշխանության, որպեսզի հանձնեն Հայաստանը և Արցախը»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությաբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031