Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը, որն ասում է՝ «կեցցե հայկական ժողովրդավարությունը», դուրս չի գալիս հանդիպման իր քաղաքացու հետ․ «Փաստ»

Մայիս 07,2022 10:10

Գուցե Երևանում նստած մարդն այդպես էլ չի հասկանում, սեփական մաշկի վրա չի զգում սահմանների անվտանգություն ասվածը, վստահաբար չի զգում, թե ինչ ասել է ապրել Սյունիքի Ներքին Հանդում կամ էլ Շուռնուխում, որտեղ թշնամու շունչն այնքան մոտ է, ապրել Արցախում, որտեղ ամեն րոպե թշնամին կարող է ներխուժել քո տուն և ասել, որ դա իրենն է:

Գուցե մենք՝ Երևանում ծվարածներս, այդպես էլ չհասկացանք սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց, նրանց վախերն ու անհանգստությունները: Բայց այս դեպքում հարց պետք է տանք ինքներս մեզ՝ մենք մեր երեխայի հետ կտեղափոխվեի՞նք ապրելու Հայաստանի այն անկյունում, որը սահմանամերձ է: Եթե այս հարցին ազնվորեն կարողանայինք պատասխանել, գուցե նաև մեր պետությունն այլ լիներ:

Իսկ մինչ այդ «ժողովրդավարության բաստիոնում» Նիկոլ Փաշինյանը և յուր համակիրները ծափահարում էին, անհասկանալի է, թե ինչին, կարծես հաղթել էին 44-օրյա պատերազմում, տնտեսական թռիչքաձև աճ էին գրանցել, կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ, կահավորել բոլոր խրամատները, հայրենիք վերադարձրել գերեվարված տղաներին: Ծափահարում և ակնհայտ հեգնանքով վերաբերվում իրենց գործընկերներին, որոնք ԱԺ էին եկել ներկայացնելու հազարավոր մարդկանց պահանջը, որոնք նույն պահին դրսում են՝ ոստիկանների հսկող աչքի ներքո, այն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, նրանք նաև պարզաբանում էին, թե ինչու:

Բայց «ժողովրդավարության բաստիոնում» չեն ցանկանում լսել իրենց քաղաքացուն, որը կարծիք է հայտնում, ասում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում, որ վտանգավոր է խաղաղության օրակարգը, որ սուր է կախված Արցախի գլխավերևում, որը վերջնականապես կարող է խոցել արյունաքամ լինող հիվանդի սիրտը: Մարդը, որն ասում է՝ «կեցցե հայկական ժողովրդավարությունը», դուրս չի գալիս հանդիպման իր քաղաքացու հետ, որը գուցե անգամ ժամանակին ընտրել է իրեն, բայց հիմա տագնապի զգացողությամբ է ապրում սեփական երկրում, բայց չի ընտրում նաև հայրենիքից հեռանալու ճանապարհը: Այդ ո՞ր պահից Ազգային ժողովի կամ կառավարության շենքերը դադարեցին լինել ժողովրդինը, կամ էլ ժողովուրդը դադարեց լինել իշխանությանը, իսկ որ ամենակարևորն է՝ իշխանությունը դադարեց լինել ժողովրդինը:

Գուցե այն պահից, երբ այս իշխանությունը դադարեց նկատել սեփական աչքի փուշը, կամ էլ երբ «ժողովրդավարության բաստիոնի» առաջնորդն ասաց՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»: Իրոք, սրանց տրամաբանությամբ՝ ի՞նչ է եղել որ, ուղղակի սերունդ ենք կորցրել…

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031